
Շուշիի ազատագրման 25-ամեակի առթիւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը յայտարարում է իր նոր` «Շուշի. 48 ժամ» լուսանկարչական նախաձեռնութեան մեկնարկի մասին:
Նախագծի նպատակն է 48 ժամում ցոյց տալ Շուշիի քաղաքային կեանքի բազմազանութիւնը: Առողջապահութիւն, դատական իշխանութիւն, գործադիր մարմին, հասարակ քաղաքացու կեանք` երեխայի ծնունդից մինչեւ մահ, բժշկի տքնաջան աշխատանք, խնջոյք. ոչինչ չի սպրդելու լուսանկարիչների ոսպնեակից։
«Շուշի. 48 ժամ» նախագծի մեկնարկը 29 Յունիս 2017-ին է:
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը նախատեսում է հրատարակել եռալեզու պատկերագիրք Շուշիում երկօրեայ նկարահանումների արդիւնքում ստեղծուած լուսանկարներով, որը հասանելի կը լինի հանրութեան լայն շրջանակի համար ինչպէս Հայաստանում, այնպէս էլ արտերկրում` հնարաւորութիւն տալով հաղորդակից լինելու Արցախի մշակութային մայրաքաղաքի հմայքին, ճանաչելու եւ հասկանալու շուշեցուն եւ նրա քաղաքային առօրեան:
Նախագծում ներգրաւուած են երիտասարդ լուսանկարիչ-վաւերագրողներ Սոնա Ադամեանը, Սարօ Բաղդասարեանը, Անի Գէորգեանը, Արթուր Մելիքեանը, Նարեկ Ալեքսանեանը, Նոնա Մինասեանը, Արեւիկ Ծատրեանը, Արմինէ Վանեանը: Նախագծի շրջանակներում նրանց միանալու են նաեւ հրաւիրեալ լուսանկարիչներ արտերկրից:
«Շուշի. 48 ժամ» նախագիծն իրականացւում է անուանի վաւերագրող լուսանկարիչ, փաստագրական լուսանկարչութեան համար «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակակիր Գերման Աւագեանի հետ գործակցաբար:
Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք զանգահարել Համազգայինի Հայաստանի գրասենեակ` +37410 533949, +37498 533949: