
Յուլիսի 18-ին մեկնարկել է Համազգային կրթամշակութային միութեան ուսանողական ֆորումը, որը կը շարունակուի մինչեւ Յուլիսի 31-ը: Ֆորումն ունի 17 տարուան պատմութիւն: 2000-ից այն անցկացւում է Հայաստանի Հանրապետութիւնում: Այս տարուան ֆորումին մասնակցում են 35 հայ ուսանող երիտասարդներ:
"Ծրագրի 14 օրերի ընթացքում համալսարանական երիտասարդներն առիթ կ՚ունենան հանդիպելու հայրենի մտաւորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, կը լսեն պատմամշակութային թեմաներով դասախօսութիւններ, իրենց հայաստանցի հասակակիցների հետ կը քննարկեն ժամանակակից հայ երիտասարդներին յուզող տարաբնոյթ խնդիրներ, ինչպէս նաեւ կ՚այցելեն Հայաստանի տեսարժան վայրեր",-գրուած է "Համազգայինի" մամլոյ հաղորդագրութեան մէջ: Ծրագրի ամենադրական կողմն այն է, որ տարբեր երկրներից ժամանած եւ այդ երկրների մշակոյթն իրենց մեջ կրող երիտասարդները հանդիպել են միմեանց եւ այդ օրերի ընթացքում շփվելու են իրար հետ, չնայած լեզուական խոչընդոտներին ու մշակութային տարբերութիւններին, միմեանց հետ "լեզու են գտնելու": Կարեւորը նրանց հանդիպման փաստն է:
Խմբում երիտասարդներ կան, որոնք արդէն հինգերորդ անգամ էին Հայաստան գալիս: Ծրագրին մի քանի անգամ մասնակցած երիտասարդներն ասացին, որ ծրագիրը, հայրենիքը կրկին տեսնելուց զատ, նաեւ նոր ծանօթութիւններ հաստատելով է հետաքրքիր: Նրանք, համեմատելով իրենց տարբեր տարիների այցելութիւնները, ասում էին, որ յատկապէս այն այցերն են բովանդակալից եղել, երբ խումբն է հետաքրքիր եղել: Երեւանին մօտ գտնուող մեր տեսարժան վայրերն այնքան էլ շատ չեն, եւ ֆորումի այցելութիւնների ծրագիրը հիմնականում կրկնւում է: Մեր այն հարցին, թէ արդեօք հետաքրքի՞ր է նոյն վայրերը նորից այցելելը, լոնտոնաբնակ Ալիաքը, որ արդէն հինգերորդ անգամ է Հայաստանում, որից չորս անգամը "Համազգայինի" ֆորումի ծրագրով է եկել, պատասխանեց. "Ժամանակը որ կ՚անցնի, որոշ բաներ կը մոռնաս կամ զգացումը կը մոռնաս: Ուրեմն աղուոր է՝ կը սիրեմ նորէն ետ գամ, նորէն տեսնեմ": Իսկ իմ "սադրիչ" հարցին, թէ էս շոգ ամրանը աւելի լաւ չէ՞ր լինի ծով գնալ, քան թէ նորից Խոր Վիրապով ու Գառնի-Գեղարդով պտտուել, թէ՞ երկիրը փոխվում է եւ այդ պատճառով է հետաքրքիր, Ալիաքն ասաց. "Ամէն անգամ, որ կը գամ, նոր բան մը կը տեսնեմ, նոր բան մը կը սովորեմ: Եթէ նոյն տեղերն էլ գնամ, նորէն նոր բաներ կը տեսնեմ: Կարող եմ երթալ ծովափ եւ կ՚երթամ ծովափ, բայց նոյն ատեն ալ կուգամ Հայաստան: Քանի մը օր է, որ հոս ենք, ամէն ինչ չեմ տեսած, բայց Երեւանը կարծես թէ շատ փոխուել է: Բայց զգացումը նոյն է, որ ասանկ տեղ մըն է, ուր շատ տարբերութիւններ կան՝ աղքատի եւ ոչ աղքատի միջեւ: Շէնքերը փոխուած են, որոշ ճամբաներ նորոգուած են, բայց զգացողութիւնները նոյնն են": Կարճ հարցազրոյցն աւարտելուց յետոյ Ալիաքը դեռ երկար ժամանակ Խոր Վիրապի մօտ տեղադրուած ծանօթագրութիւններով ցուցանակն էր նայում. հաւանաբար իր իմացած լեզուներով գրուած բոլոր ծանօթագրութիւնները կարդում էր Խոր Վիրապի մասին նոր տեղեկութիւն գտնելու յոյսով: Խոր Վիրապ այցելութիւնից եւ ճաշից յետոյ երիտասարդները մի համով-հոտով դասախօսութիւն պիտի լսէին: Դասախօսութեան թեման էր՝ "Հայաստանը օտարազգի կամաւորների աչքերով", եւ այն կարդալու էր ամերիկացի Քրիստի Ռենդահլը, որը երկար ժամանակ ապրել է Հայաստանում, հրաշալի տիրապետում էր կենդանի՝ խօսակցական հայերէնին եւ դասախօսութեան կէսը վարեց հայերէնով, իր խօսքը համեմելով "ցաւդ տանեմ" եւ "ախպեր ջան" արտայայտութիւններով: Մենք զրուցեցինք նաեւ "Համազգային" կրթամշակութային միութեան հիմնադրամի նախագահ, Ազգային ժողովի պատգամաւոր Լիլիթ Գալստեանի հետ: "Ծրագրի նպատակն այն է, որ տարբեր երկրներից եկած հայ երիտասարդները համախմբուեն Հայաստանում, ճշդեն իրենց ազգային օրակարգը, քննարկեն իրենց խնդիրները՝ իբրեւ երիտասարդներ, տեսնեն, ճանաչեն Հայաստանը առանց շպարի, դասախօսութիւնների ու շրջագայութիւնների միջոցով հասկանան Հայաստանի սոցիալ-քաղաքական-մշակութային կացութիւնը եւ հեռանկարները":
Համբարձում Համբարձումեան
ՀՐԱՊԱՐԱԿ, 27 Յուլիս 2010, www.hraparak.am