Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ Համազգայինի Կենտրոնական վարչութեան հովանաւորութեամբ ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում կայացաւ շուշեցի լուսանկարիչ Վլադիմիր Գէորգեանի լուսանկարների ցուցահանդէսը։ Այն կրում էր «ՊԻՑԻՐԱՆԱՆՔ ՇՈՒՇԻ» խորագիրը։ 45 լուսանկարների միջոցով Վլադիմիրը պատմում էր Շուշիի հոգեւոր-մշակութային դիմագծի, անսահման լոյսի ու ջերմութեան, քաղաքի մարդկանց, շրջապատող լեռների, բնութեան մասին։
Ցուցահանդէսը մեկնարկեց Արցախի հորովելով` երգիչ Արթուր Խաչենցի կատարմամբ։
Բացման խօսքում Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը նշեց. «Այս լուսանկարներով մեզ է նայում յաւերժական քաղաքը` Շուշին, որի հայեացքում մերթ ուրախութիւն է, մերթ խորը թախիծ, մերթ մտահոգութիւն ու խոհ, մերթ էլ` անսահման սպասում։ Եթե աւելի խորը նայեք, ապա այն, ինչ կը տեսնէք այս լուսանկարներում, այդ բոլորը մեր ներսում է, այդ լուսանկարները մենք ենք, քաղաքը մեր մէջ է քնում ու արթնանում։ Այն մեր ներսում ապրելու է այնքան ժամանակ, քանի մենք կանք ու հաւատում ենք յաւերժութեան խորհրդին։ Դէպի Շուշի տանող ամենակարճ ճանապարհը մեր սրտերից մինչեւ Շուշի հասնող ճանապարհն է։ Այն ոչ ոք չի կարող շրջափակել, անցակէտեր դնել, խաղաղապահ կանգնեցնել, խլել-տանել մեզնից։ Դա մեզնից դէպի մեզ տանող միակ ճամբան է։ Եւ քանի այդ ճամբան կայ, ուրեմն Արցախը ապրելու է, եւ պայքարի կայծերը հաստատ արթնանալու են, երազանքը մի օր նպատակ է դառնալու, նպատակը`վերադարձ»։
Խոսք ասացին պատմական գիտութիւնների դոկտոր,պրոֆեսոր Վահրամ Բալայեանը, Համազգայինի հոգաբարձուների խորհրդի անդամ Միքայէլ Հաջեանը, լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանը։
Լուսանկարների հեղինակ Վլադիմիր Գէորգեանը շնորհակալութիւն յայտնեց Համազգայինի Արցախի գրասենեակին` համագործակցութեան եւ ցուցահանդէսի կեանքի կոչման համար։
Ցուցահանդէսը կը գործի 5 օր։