
16 Հոկտեմբեր 2019-ին Համազգայինի Երեւանի գրասենեակը Սօս Սարգսեանի անուան «Համազգային» թատրոնի դահլիճում կազմակերպել էր յուշ-երեկոյ՝ նուիրուած արձակագիր, թարգմանիչ, բեմագիր, ազգային-հասարակական գործիչ Ռուբէն Յովսէփեանի ծննդեան 80-ամեակին։ Բանախօսները՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան կենտրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը, ՀՅԴ բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, գրականագէտ Արքմենիկ Նիկողոսեանը, իրենց ելոյթներում բարձր գնահատելով Ռուբէն Յովսէփեանի ստեղծագործական ժառանգութիւնը՝ խօսեցին հասարակական-քաղաքական կեանքում նրա բացառիկ դերակատարութեան մասին՝ ընդգծելով նրա բեմագրական տաղանդը։ Նրա բեմագրութիւնների հիման վրայ նկարուած ֆիլմերը սերունդներ են դաստիրակել, ազգային գաղափարախօսութեան դասեր տուել, ներշնչել հաւատալու հեքիաթներին։
Ռուբէն Յովսէփեանի խօսքը այսօր էլ նոյնքան դաստիարակիչ է, որքան տարիներ առաջ։ Այս ամէնի վկայութիւնն էր երեկոյի ընթացքում՝ նրա մասին պատմող ֆիլմը եւ Համազգային թատրոնի դերասանների ընթերցանութեամբ՝ ներկաներին փոխանցուած նրա ստեղծածութիւններից հատուածները։
Տաղանդաւոր գրողի ու հրաշալի մարդու՝ Ռուբէն Յովսէփեանի ընկերներն ու մտերիմ բարեկամները եւս մէկ անգամ առիթ ունեցան հաղորդակից լինելու նրա կեանքին, ստեղծագործութիւններին ու հասարակական-քաղաքական գործունէութեանը։