
24 Մայիս 2022-ին, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ, ՀՀ ԳԱԱ գրականութեան ինստիտուտի դահլիճում կայացաւ բանասիրական գիտութիւնների դոկտոր Վարդան Դեւրիկեանի «Վասպուրականի արծիւը հայ գրականութեան անդաստանում» գրքի շնորհահանդէսը։ Գիրքը լոյս է տեսել Համազգայինի Երեւանի գրասենեակի աջակցութեամբ եւ նուիրուած է Խրիմեան Հայրիկի ծննդեան 200-ամեակին։
Շնորհահանդէսը բացուեց Բագրատ Սրբազանի օրհնութեան խօսքով։ Բացման խօսքով հանդէս եկաւ Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը, ով արժեւորեց Վարդան Դեւրիկեանի կատարած աշխատանքը՝ մեր ժամանակներին համահունչ, սերունդների համար արժէքաւոր գործի ստեղծման համար։ «Հայոց պատմութեան այս ժամանակահատուածում, երբ մեր Հայրենիքը կանգնած է նոր մարտահրաւէրների առջեւ, դարձեալ արդիական են Խրիմեան Հայրիկի պատգամները։ Ականջալուր լինենք Մեծ Հայի խօսքերին, դրանք բոլոր ժամանակների փորձութիւնով անցել ու իմաստնացել են։ «Միաբան լինենք։ Անմիաբան ժողովուրդների Հայրենիքը դատապարտուած է կործանման»,- ասում է Խրիմեան Հայրիկը»,- իր խօսքում շեշտեց Ռուզան Առաքելեանը։
Ելոյթներ ունեցան Համազգայինի ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը, ԳԱԱ փոխնախագահ Եուրի Սուվարեանը, բանասիրական գիտութիւնների դոկտոր Սուսաննա Յովհաննիսեանը, բանասիրական գիտութիւնների դոկտոր Աւիկ Իսահակեանը,ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանեանը, բանասիրական գիտութիւնների թեկնածու Մարգարիտա Խաչատրեանը, ՀՅԴ Բիւրոյի «Դրօշակ» պաշտօնաթերթի խմբագիր Արտաշէս Շահբազեանը։
Գրքում Խրիմեան Հայրիկի ազգային եկեղեցական գործունէութեան ընդհանուր համատեքստում ներկայացուած են նաեւ Խրիմեանի գրական, գեղարուեստական ու հոգեւոր բնոյթի գործերը, հրապարակախօսութիւնը եւ քարոզները: