
14 Մարտ 2019-ին, ԵՊՀ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցաւ «Կրթամշակութային կեանքը Հայաստանի Առաջին Հանրապետութեան տարիներին» ժողովածուի շնորհանդէսը:
Այն ներառում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան, Երեւանի պետական համալսարանի եւ ՀՀ ԳԱԱ նախաձեռնութեամբ 2018թ. Մայիսի 15-16-ին տեղի ունեցած նոյնանուն խորագրով գիտաժողովում Ռուբինա Փիրումեանի, Ալիսա Գասպարեանի, Քնարիկ Աբրահամեանի, Նարինէ Դիլբարեանի, Ալվարդ Խաչատրեանի, Դաւիթ Գասպարեանի, Սուրէն Դանիէլեանի, Գէոորգ Կեսոյեանի, Էդիկ Մինասեանի, Ռուբինա Փիրումեանի, Սոֆիա Օհանեանի, Գուրգէն Վարդանեանի եւ ուրիշների ուսումնասիրութիւնները:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը բացման խօսքում նշեց. «Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հետ Երեւանի պետական համալսարանը եւ Գիտութիւնների ազգային ակադեմիան Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակի շրջանակում 2018թ. որոշեց կազմակերպել «Կրթամշակութային կեանքը Հայաստանի Առաջին Հանրապետութեան տարիներին» խորագրով գիտաժողովը: Ծագեց առաջին հարցը`արդեօ՞ք բաւական նիւթ կայ գիտաժողովի համար, քանի որ շատ լաւ հասկանում էինք, որ Առաջին Հանրապետութեան գոյութեան ծանրագոյն տարիներին, երբ ամէնուր սով էր ու ֆինանսատնտեսական խորը ճգնաժամ, պատերազմ, ներքին եւ արտաքին թշնամիների գործունէութիւն, արդեօք այդպիսի պայմաններում Հայաստանի Առաջին Հանրապետութեան իշխանութիւնները եւ հայ հասարակութիւնը ժամանակ եւ ուժ գտել են իրենց մէջ`զբաղուելու գիտակրթական գործերով: Այս ժողովածուում ընդգրկուած նիւթերը տալիս են յստակ պատասխան` Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադիրներն ունէին ազգային մտածելակերպ, անկոտրում կամք եւ նուիրում»:
ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասեանը, շնորհակալութիւն յայտնելով Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեանը եւ ժողովածուի հեղինակներին, նշեց. «Մեր համատեղ աշխատանքի արդիւնքում ծնուեց այս շատ արժէքաւոր աշխատութիւնը: Ձեռնարկի առաջնային ու ամենակարեւոր արժանիքն այն է, որ առաջին անգամ հանգամանօրէն գիտական հանրութեանը եւ հասարակութեանը ներկայացուեցին Հայաստանի Առաջին Հանրապետութեան կրթամշակութային կեանքի տարբեր ոլորտները: Ամենակարեւորը` նախանշուեցին Առաջին Հանրապետութեան պետական քաղաքականութեան հիմքերը, կրթութեան ու մշակոյթի ոլորտում ե՛ւ գիտութեան զարգացման միտումները ե՛ւ հեռանկարները: Այստեղ ամփոփւում են այդ ծանր տարիներին հանրապետութեան սոցիալ-տնտեսական մեծ խիզախումները: Դրանցից մէկն է յատկապէս ԵՊՀ-ի հիմնադրումը, որը իսկապէս խոշորագոյն երեւոյթ էր»,-եզրափակեց նա: