
26 Յունուար 2020-ին Ախալքալաքի «Ջաւաքխ» հանդիսութիւնների սրահում, Վրաստանի Հայ Կրթական ու Մշակութային Միութեան (Համազգային) նախաձեռնութեամբ ու հովանաւորութեամբ, անցկացուեց մեծարման ցերեկոյթ`նուիրուած աշուղ Ալիք-Ջաւաքխի ծննդեան 70-ամեակին:
Ցերեկոյթին ներկայ էին Հայաստանի ու Վրաստանի տարբեր շրջաններից հրաւիրեալներ: Ներկայ էին Սամցխէ-Ջաւաքխի ու Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրեանը, քահանաներ, Վրաստանի Ազգային Ժողովի անդամ Հենզել Մկոյեանը, Ախալքալաքի ու Նինոծմինդայի շրջանների տեղական ինքնակառավարման մարմիններ, կրթօջախների, թանգարանների, հասարակական կազմակերպութիւնների, մշակոյթի տարբեր բնագաւառների ներկայացուցիչներ, «Ջաւաքխին աջակցութիւն» հիմնադրամի Վրաստանի գրասենեակի պատասխանատու Գուրգէն Եզոյեանը, աշուղի հարազատներ, բարեկամներ, ընկերներ:
Ցերեկոյթն սկսուեց Հոգեշնորհ Հայր Սուրբի տէրունական աղօթքով, որից յետոյ ցերեկոյթի հանդիսավարները, ներկայացնելով Ջաւաքխում աշուղական արուեստի անցեալն ու ներկան, նրա երախտաւորներին, սրահ հրաւիրեցին Աշուղ Ալիք- Ջաւաքխին: Ներկայացուեց աշուղի անցած ուղին, նրա գործունէութիւնը, որն ուղեկցւում էր աշուղի երգերի կատարումներով, որոնք ներկայացնում էին արդէն Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի ուսանողներ` նրա աշակերտները, Ախալքալաքի աշուղական դպրոցի սաները: Աշուղի յոբելեանական ցերեկոյթն իր ներկայութեամբ պատուել էր ծնունդով Ջաւաքխցի աշուղ Լեյլին, որը աշուղին նուիրեց իր հեղինակային «Տաղարանը» եւ հանդիսատեսին գերեց Ջաւաքխին նուիրուած իր երգի կատարմամբ: Հանդիսատեսի բուռն ծափողջոյնին արժանացաւ նաեւ «Նուբար» հայ աւանդական երգի-պարի խմբի ղեկավար, ՀՀ Հանրային ռադիոյի երաժշտական ծրագրերի հեղինակ, ծագումով Ջաւաքխցի, Լուսինէ Նազարեանի հոգեզմայլ երգի կատարումը:
Աշուղ Ալիք-Ջաւաքխին իրենց շնորհաւորական խօսքերը յղեցին Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների տեղական ինքնակառավարման մարմիններ, գրողներ, նկարիչներ` յանձնելով նուէրներ: Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրեանը շնորհաւորական ու բարեմաղթանքի խօսքեր յղելու հետ միասին, աշուղին նուիրեց «Աստվածաշունչը»: Իւրայատուկ նուեր էին պատրաստել Նինոծմինդայի Երտասարդական Կրթամշակութային Կենտրոնի փոքրիկ գորգագործները`աշուղի դիմանկարով եւ Դադեշ գիւղի բնակիչ, գորգագործ Օֆելիա Իսպիրեանը` Աստուածամօր պատկերով գորգեր: ՋԱՀ-ի շնորհաւորանքը աշուղին` Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի ուսանող Վ.Փիլոյեանի երգի կատարումն էր:
Նրանք, ովքեր չէին կարողացել մասնակցել մեծարման ցերեկոյթին (Վիրահայոց թեմ, Համազգային հայ կրթական ու մշակութային միութիւն եւ այլ կառոյցներ), ուղարկել էին շնորհաւորական ուղերձներ, իսկ «Սայաթ-Նովա» մշակութային միութեան նախագահ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի ղեկավար Թովմաս Պօղոսեանի շնորհաւորանքը ներկայացուեց տեսանիւթով: Ցերեկոյթն ամփոփեց Աշուղ Ալիք-Ջաւաքխը՝ ներկայացնելով իր հետագայ ծրագրերը Ջաւաքխի մշակութային բնագաւառում, շնորհակալութիւն յայտնեց բոլոր ներկաներին, երախտիքի ու շնորհակալական խօսք յղեց Վրաստանի հայ կրթական ու մշակութային միութեանը` անմոռանալի ու պատմական նուիրական ժամանակ պարգեւելու, մեծարման ու արժեւորման համար: Հանդիսութիւնն աւարտուեց աշուղի ղեկավարած «Ջաւաքխ» ազգագրական երգի-պարի համոյթի տղաների` «Եարխուշտա» խրոխտ պարով:
Հանդիսութիւնը շարունակուեց ջերմ ու անկեղծ միջավայրում՝ հիւրասիրութեան սեղանի շուրջ: