
28-31 Յունուար 2022-ին, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Ռուսաստանի կառոյցին հրաւէրով, Մոսկուայում էր գտնւում Մարօ Մուրադեանի անուան «ԱԿՈՒՆՔ» ազգագրական համոյթը՝ մասնակցելու Հայոց Բանակի ստեղծման 30-ամեակին նուիրուած միջոցառումներին։
Երկու հայաշատ քաղաքներում կայացած համերգներին մասնակցեցին թէ՛ ռազմական տարբեր հաստատութիւններում ուսանող հայ զինուորականներ, սպաներ, թէ՛ Արցախեան ազատամարտին մասնակցած հայորդիներ Շուշիի առանձնակի գումարտակից եւ թէ համայնքային տարբեր կառոյցների ներկայացուցիչներ, հայ մարդիկ, ովքեր եկել էին իրենց յարգանքի տուրքը մատուցելու մեր Հերոսներին՝ վերահաստատելու, որ Հայոց պետականութեան երաշխաւոր Հայոց Բանակը իր հերոսականութեամբ մշտապէս լինելու է հզօր յաղթող։
Մինչ համերգների սկսուելը, ներկաները լռութեան րոպէով յարգանքի տուրք մատուցեցին մեր անմահացած հերոսներին՝ նրանց, ովքեր Աստուածատուր պարգեւը՝ կեանքը, զոհեցին յանուն մեր չքնաղ Հայրենիքի։
Յաւերժ փառք խնկարկում մեր Հերոսներին։
Յատկանշական է, որ համերգներին մասնակցում էին բաւական մեծ թիւով երիտասարդներ, ինչը փաստում է ազգային երգ ու պարի նկատմամբ հետզհետէ աճող հետաքրքրութիւնը մեր եկող սերնդի մօտ, դահլիճում շուրջպար բռնած երիտասարդների ներկայութիւնը ամբողջացրեց օրուայ խորհուրդը՝ համեմուած մեր հրաշալի ԱԿՈՒՆՔ-ի գեղեցիկ կատարումներով։
Յունուարի 29-ին ԱԿՈՒՆՔ համոյթը առանձին ձեւաչափով հանդիպեց նաեւ Համազգայինի նուիրատուների խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննարկուեցին նաեւ տարբեր ձեւաչափերով համագործակցութեան այլ հարցեր։
Յունուարի 31-ին, ամփոփուեց Համազգային հայ կրթական մշակութային միութեան Ռուսաստանի կառոյցի կողմից նախաձեռնուած համերգաշարը, «Ակունք» ազգագրական համոյթը վերադարձաւ Երեւան։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Ռուսաստանի կառոյցի մամլոյ ծառայութիւն