
18 Փետրուար 2024-ին, Մեծն Յովհ. Թումանեանի ծննդեան եւ Գիրք նուիրելու օրուան նախօրէին, Համազգայինի Արցախի գրասենեակը ջերմ հանդիպում էր կազմակերպել Արցախի գրական ընտանիքի անդամների հետ։
Նախաձեռնութիւնը կայացաւ «Թումանեանս Art» սրճարանում, որը ամիսներ առաջ նոյն անունով գործում էր Ստեփանակերտում եւ այժմ վերաբացուել է Երեւանում։
Գրողները եկել էին իրենց նոր ստեղծագործութիւններով ու գրքերով` ընթերցելու, զրուցելու, գրքեր նուիրելու։
Հանդիպումը բացուեց Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանի ողջոյնի խօսքով։ Նա, որպէս յարգանքի տուրք, առաջին ընթերցումն արեց Արցախի շնորհալի գրող, նահատակ ազատամարտիկ Հայասէր Յովսէփեանի ստեղծագործութիւններից։
Խօսք ասաց նաեւ Արցախի գրողների միութեան նախագահ, այժմ` Հայաստանի ԳՄ քարտուղար Նորեկ Գասպարեանը։
Այնուհետեւ հանդիպմանը ներկայ գրողներն ընթերցեցին իրենց ստեղծագործութիւնները։
Արցախի գրողներից իրենց բանաստեղծութիւնները կարդացին Վիտալի Պետրոսեանը, Նորեկ Գասպարեանը, Սոնա Համբարձումեանը, Սերգէյ Սաֆարեանը, Ալիսա Բաղդասարեանը, Արմէն Աւօն, Զարինէ Սառաջեանը, Տաթեւ Սողոմոնեանը, Նանար Պօղոսեանը։
Ներկաները նուէր ստացան Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հրատարակած գրքերից։
Հանդիպմանը ներկայ, սիրուած գրող Խաչիկ Մանուկեանն իր գրքերից նոյնպէս նուիրեց Արցախի գրողներին` նշելով, որ սիրով սպասելու է յաջորդ գրական հանդիպմանը։
Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հ. Աւագեանը շեշտեց, որ Նախաձեռնութիւնը շարունակական է լինելու` կազմակերպելով թէ՛ գրական, թէ՛ մշակութային նման հանդիպումներ։ Նա նշեց, որ այս հանդիպման շրջանակում համագործակցել են Արցախի ԳՄ վարչութեան հետ։
«Այս նախաձեռնութիւնն ապրելու մասին է։ Սա Արցախում ապրող ու ստեղծագործող մարդու ապրելու ձայնն է` գրականութեան ու մշակոյթի լեզուով։ Մենք հիմա Մայր Հայաստանում ենք, մենք կորցրել ենք մեր ծննդավայրը, բայց այո՛ ենք ասում ապրելուն, շարունակելու ենք արարել, ձեռք ձեռքի տալ` երբեք չկորցնելով վերադարձի նպատակը»,- նշեց Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատուն։
Հանդիպումն ուղեկցուեց կոնսերվատորիայում սովորող արցախցի սաների գեղեցիկ կատարումներով։