27 Յուլիս 2024-ին, Գիւմրիի, «ԿՈՒՄԱՅՐԻ» պատմամշակութային արգելոց թանգարանի ցուցահրահում, տեղի ունեցաւ՝ Արա Նախշքարեանի «ԹՂԹԷ ԵՐԿԻՆՔ» հատընտիր գրքի շնորհանդէսը: Ներկայ էին ինչպէս քաղաքի, այնպէս էլ՝ հանրապետութեան ու աշխարհի չորս կողմերից ժամանած գրքասէր ու ընթերցասէր հիւրեր: Հիւրերի մէջ էին նաեւ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ հայ կրթական եւ մշակութային միութեան կենտրոնական վարչութեան անդամներ, ատենապետ Զաքար Քէշիշեանի գլխաւորութեամբ:
Միջոցառման մեկնարկը ազդարարուեց՝ Գիւմրու «Ֆոտոն» վարժարանի, «ԵՐԳՈՂ ՖՈՏՈՆՆԵՐ» երգչախմբի խմբակային ելոյթով, խմբավար՝ Անահիտ Գալստեան, ապա Արա Նախշքարեանի կարճ ելոյթից յետոյ, հրաշամանուկ Նարեկ Բեռնեցեանը ներկաների համար կարդաց Արա Նախշքարեանի «ԳԻՒՄՐԻ ԷԿԷՔ» բանաստեղծութիւնը: Բանասիրական Գիտութիւնների Թեկնածու-Դոցենտ Կարինէ Մարտիրոսեանը իր վերլուծական գրաքննադատական խօսքը ուղղեց ներկաներին: Գիւմրու Արուեստների ակադեմիայի սաները՝ Նինա Մարկոսեանն ու Մարիամ Ասլանեանը կատարեցին ընթերցումներ գրքից:
Միջոցառման աւարտը ազդարարեց՝ «ՄԵԼԱՆՔԹՈՆ ԵՒ ՀԱՅԿ ԱՐՍԼԱՆԵԱՆ» Ճեմարանի հնաբնիկ, վաստակաշատ Տնօրէն, հրապարակախօս՝ Տիգրան Ճինպաշեանը:
Նշենք, որ միջոցառման ընթացքում առաջին անգամ որպէս շնորհանդէս, կատարողութեամբ Անուշ Պապիկեանի ներկաներին անակնկալ կերպով մատուցուեց Արա Նախշքարեանի հեղինակած ստեղծագործութիւններից մէկը, զոր երգի էր վերածել հենց ինքը՝ հեղինակը:
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԿՄ Գիւմրու գրասենեակի անունից, Արա Նախշքարեանը իր շնորհակալական խօսքը յղեց բոլոր ներկաներին եւ ելոյթ ունեցողներին:
Միջոցառման աւարտին, որպէս նշխար, բոլոր ներկաները, հեղինակի մակագրութեամբ, իրենց հետ տուն տարան՝ Արա Նախշքարեանի «ԹՂԹԷ ԵՐԿԻՆՔ» հատընտիրը: