
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանը ՀՅԴ Արեւելեան շրջանի կենտրոնական դաստիարակչական խորհրդի հրաւէրով գտնւում էր ԱՄՆ-ում։
Աշխատանքային այցի ընթացքում նա նաեւ առիթ ունեցաւ կազմակերպելու արցախցի 12 գեղանկարիչների հաւաքական ցուցահանդէսներ Նիւ Եորքում եւ Ռոդ Այլենդում` համագործակցելով այդ շրջանների Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան միաւորների եւ ՀՅԴ կոմիտէների հետ։
Ցուցահանդէսները կայացան Նիւ Եորքի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցու սրահում` Արժանապատիւ Տէր Մեսրոպ քահանայ Լագիսեանի եւ Ռոդ Այլենդի հոգեւոր հովիւ Տէր Գաբրիէլ քահանայի օրհնութեամբ։
Համազգայինի երիտասարդներն ու պատանիները հանդէս եկան գեղարուեստական յայտագրով, իսկ սիրուած արցախցի երգիչ Արթուր Խաչենցն իր ազգային հայրենասիրական երգերով ամբողջացրեց արցախեան ոգեղէն մթնոլորտը։
Ցուցահանդէսները բացուեցին Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հ. Աւագեանի խօսքով եւ Արցախի օրհներգով։
Ցուցահանդէսներին ներկայացուած արցախցի նկարիչների մօտ 50 կտաւներից շատերը Արցախից փրկուած գործեր էին։ Նրանցից իւրաքանչիւրը գտաւ իր արժանի տիրոջը։
«Երբ տուն տանող բոլոր ճանապարհները փակւում են, երբ քարտէսները քեզ այլեւս չեն կարող տանել այնտեղ, որտեղ ամենաշատն ես ուզում գնալ, օգնութեան է գալիս արուեստը։ Գալիս է որպէս սփոփանքի ճանապարհ, հոգեւոր բուժման փորձ` թէ՛ այն ստեղծողի համար եւ թէ այն տեսնողի, ընկալողի համար։ Այն նաեւ պայքարի ու չյանձնուելու դրսեւորում է, արուեստի լեզուով Արցախի մասին խօսելու հնարաւորութիւն։ Արուեստը միակ ճանապարհն է, որը ոչ ոք չի կարող ոչ շրջափակել, ոչ խլել, ոչ էլ բռնազաւթել։ Կարելի է ոչնչացնել գրքերը, արուեստի գործերը, աւերել եկեղեցիները, բայց ստեղծագործ ոգին ոչ ոք չի կարող կողոպտել, եւ ինչ էլ լինի, նա նորից ու նորից ստեղծագործելու եւ արարելու է․․․»,- նշել է Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատուն։
Համազգայինի Արցախի գրասենեակի կողմից Նիւ Եորքի եկեղեցուն նուիրուեց Համազգայինի Գիւմրու սաների կողմից պատրաստուած Շուշիի դուռը կավէ քանդակը, որի վրայ արցախցի փոքրիկները ստորագրել էին. «Թող նորից բացուեն Շուշիի դռները...»։
