
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ Արցախի Ծիլ տիկնիկային ստուդիան հիւրընկալուեց Արարատի մարզի Մասիս քաղաքում, որտեղ բնակութիւն են հաստատել Արցախից տեղահանուած մեծ թիւով ընտանիքներ։
Յովհաննէս Թումանեանի «Բարեկենդանը» ինտերակտիւ ներկայացումը ցուցադրուեց Արցախի բարբառով։ Հետաքրքիր էր լսել Մեծն լոռեցու հեքիաթը` Արցախի Մարտունու շրջանի ենթաբարբառով։ Ներկայացման ամբողջ ընթացքում երեխաները մեծ ոգեւորութեամբ արձագանքում եւ մասնակցում էին։
Ներկայացման վերջում տիկնիկավար Արմէն Գաբրիէլեանը երեխաներին բացատրեց Բարեկենդան տօնի խորհուրդը եւ նրանց հետ Բարեկենդանի խաղեր կազմակերպեց։
Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանը շնորհակալութիւն յայտնեց Մասիսի համայնքապետարանին, համայնքապետին կից կանանց խորհրդին, ՀՅԴ Մասիսի գրասենեակին` կազմակերպչական աշխատանքներին աջակցելու եւ Համազգայինի Արցախի գրասենեակի հետ համագործակցելու համար։