
Սիտնիի Համազգայինի հովանաւորութեան ներքոյ գործող Գրական Գեղարուեստական Յանձնախումբը յայտնի է ողջ համայնքում իր կազմակերպած գրական ձեռնարկների բարձր մակարդակով։ Կարճատեւ ընդմիջումից յետոյ, խումբը մի վերջին ձեռնարկ կազմակերպեց 2018թ. Հոկտեմբերի 12֊-ին։ Երեկոն վերնագրուեց «Ասմունքի երեկոյ մէկ գաւաթ գինու շուրջ»։ Երեկոյի նպատակն էր հրաւիրել գրասէր հասարակութեանը այս երեկոյին բերելու իրենց սիրած բանաստեղծութիւնը եւ այն կարդալ գրասէր հասարակութեան համար։ Որեւէ սահմանափակում չկար եւ իւրաքանչիւր մասնակից կարող էր կարդալ իր սիրած հեղինակից որեւէ բանաստեղծութիւն եւ ունկնդիրներին պատմել, թէ ինչո՛ւ էր այդ բանաստեղծութիւնը ընտրել։
Արդէն պատրաստ էին երեկոյի թռուցիկները եւ արդէն դրանք տպագրուել էին մամուլի էջերում եւ տպագրուած օրինակները բաժանուել էին հայկական հասարակական տարբեր միութիւններում, սակայն, շուտով լուր ստացուեց, որ իր մահկանացուն էր կնքել Ֆրանսահայ աշխարհահռչակ երգահան, երգիչ, բանաստեղծ Շառլ Ազնաւուրը։ Գրական Յանձնախումբը ժողով գումարեց եւ որոշեց երեկոյի առաջին բաժինը նուիրել աշխարհահռչակ երգչի յիշատակին։
Երեկոն տեղի ունեցաւ Հոկտեմբերի 12-ին Ուիլիբի շրջանի հայկական կենտրոնի սրահում։ Երեկոյին ներկայ էր Սիտնիի Հայ Առաքելական Եկեղեցու Առաջնորդ Գերաշնորհ Տէր Հայկազուն Եպիսկոպոս Նաջարեանը, Համազգայինի Շրջանային Վարչութեան ատենապետ՝ ընկեր Վիգէն Գալողլեանը, Շրջանային Վարչութեան անդամներ ինչպէս նաեւ կոկիկ թիւով գրասէր հասարակութեան անդամներ։
Երեկոն բացուեց մէկ րոպէ լռութեամբ մեծ երգահանի յիշատակը յոտնկայս յարգելով։ Այնուհետեւ գրական խմբի ատենապետը ներկաներին բարի գալուստ մաղթելով, ներկայացրեց երեկոյի ծրագիրը եւ ապա համառօտ պատմեց Շառլ Ազնաւուրի կեանքից դրուագներ։ Նա իր խօսքում ընդգծեց այն մեծ համբաւը, զոր երգիչը ունի ողջ աշխարհում եւ այն, որ այս աշխարհահռչակ երգչի շնորհիւ շատերը ճանաչել են Հայ ազգը, Հայաստանը, ծանօթացել են մեր մշակոյթին։ Խօսնակը նշեց որ նրա երգարուեստը հարստացրել է Ֆրանսիայի մշակոյթը, նրա երգերը երգել են Ֆրանսիայի ամենայայտնի երգիչները։ Ապա խօսք առան երեկոյի մասնակիցներից մի քանիսը, որոնք ներկայացրեցին Ազնաւուրի կենսագրութիւնը, անդրադարձ կատարեցին նրա կեանքի էջերին, կարդացին նրան նուիրուած բանաստեղծութիւն։
Կարճատեւ դադարի ընթացքում երեկոյի մասնակիցները մտքեր փոխանակեցին միմեանց հետ, օգտուեցին հիւրասիրութիւնից եւ ապա սկսուեց երեկոյի երկրորդ մասը: Այս բաժնում երեկոյի մասնակիցներից ոմանք, թիւով տասը հոգի, կարդացին բանաստեղծութիւններ իրենց սիրած բանաստեղծների քերթուածքներից, նախապէս ներկաներին պատմելով, թէ ինչո՛ւ յատկապէս այդ բանաստեղծութիւնն են ընտրել։
Բոլորի բանաստեղծութիւններն էլ հոգեհարազատ էին ներկաներին եւ լսուեցին համակ ուշադրութեամբ։ Երեկոյի մասնակիցներից մէկը կատարեց «Հայրենի Երկիր» երգը, իսկ ներկաները սիրով ձայնակցեցին նրան։
Երեկոն եզրափակեց Սրբազան հայրը, որը դրուատանքի խօսքերով գնահատեց գրական խմբի կատարած աշխատանքը, այդ աշխատանքների բարձր որակը եւ յոյս յայտնեց, որ նման ձեռնարկներին աւելի մեծ թիւով մարդիկ ներկայ կը գտնուեն հետագայում։
Լիլիկ Կոտոյան