Մարտի 14-ին Համազգայինի Հայաստանի գրասենեակում տեղի ունեցաւ Համազգայինի մտաւորականների ակումբի հերթական հաւաքը: Այս անգամ ակումբում հիւրընկալուել էին «Բաց համալսարան» երիտասարդական շարժման անդամները, իսկ թեման` քաղաքացիական հասարակութեան խնդիրներն ու երիտասարդութեան դերը մեր երկրում ծաւալուող քաղաքացիական, քաղաքական գործընթացներում:
«Բաց համալսարան» շարժման հիմնադիրները հայաստանեան տարբեր ԲՈՒՀ-եր ներկայացնող երիտասարդներ են, որոնց նպատակն է շարժման միջոցով ակտիւացնել քաղաքացի երիտասարդին, ով գիտակցում է մեր երկրի բարեկեցիկ ապագայի կերտման գործում իր դերն ու պատասխանատուութիւնը, ով բարձրաձայնում է իր խնդիրների մասին եւ փնտռում ուղիներ դրանք յաղթահարելու ուղղութեամբ:
Ակումբային հաւաքը անցաւ ակտիւ քննարկումների մթնոլորտում, խօսուեց մեր երկրում առկայ մշակութային, բնապահպանական, կրթական խնդիրների մասին, եղան բազմաթիւ հարցեր ուղղուած Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստեանին, ով իր խօսքում մեծապէս կարեւորեց մշակոյթի եւ բնապահպանութեան ոլորտում քաղաքացի, պահանջատէր երիտասարդի դերը, ով իր ապագան տեսնում է իր սեփական հայրենիքում, ով ուզում է դերակատար եւ մասնակից լինել արժանապատիւ արդար պետութիւն ունենալու եւ կերտելու մէջ, եւ պատրաստակամութիւն յայտնեց Համազգայինի գործունէութեան, խնդիրների շրջանակներում աջակցել երիտասարդ համալսարականների շարժմանը:
Երիտասարդներն էլ իրենց հերթին ներկայացրին իրենց շարժման նպատակներն ու յառաջիկայ անելիքները, քննարկեցին Համազգայինի հետ գործակցութեան հնարաւորութիւնները`ընդգծելով մշակութային երկխօսութեան եւ մշակութային կրթութեան կարեւորութիւնը Հայաստանում բարոյական եւ քաղաքացիական արժէքներ սերմանելու գործում:
Հանդիպման վերջում երիտասարդները հրաւիրուեցին մասնակցելու Համազգայինի կազմակերպութեամբ անցկացուելիք` Հայկ Բիանջեանի հեղինակային «Անհետացող յիշողութիւններ» փաստավաւերագրական ֆիլմի դիտմանը (ֆիլմի դիտումը նախատեսւում է անցկացնել Մարտի 22-ին, ժամը 18:00-ին, ՀՅԴ Արամ Մանուկեան կենտրոնում):
Նարէ Միքայէլեան`
Համազգայինի Հայաստանի գրասենեակ