
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակում 7 Նոյեմբեր 2025-ին կայացաւ սփիւռքահայ գրող Խաչիկ Տէր Ղուկասեանի «Սահմանելի» խորագրով անդրանիկ գրքի շնորհանդէսը։
Սոյն ժողովածուն ընդգրկում է հեղինակի` տարբեր տարիների գրած բանաստեղծութիւնները։ Հոգու խռովք, լռութիւն, կեանքի ու սիրոյ խոհափիլիսոփայական ընկալումներ, պատերազմ ու ապրելու տենչ. այս ամէնը դառնում են բառ ու տող եւ ընթերցողին ծանօթացնում ժամանակակից գրականութեան մէջ մի նոր անուան հետ։
Խաչիկ Տէր Ղուկասեանն իր առաջին գրքով վստահ, ինքնուրոյն քայլով է մտնում բանաստեղծական աշխարհ, եւ գիրքը, որը նրա երախայրիքն է, խոստանում է ունենալ շարունակութիւն...
Շնորհանդէսին ներկայ էին Համազգայինի եւ ՀՅԴ մեծ ընտանիքի անդամներ, գրականագէտներ, գրողներ, գրքասէրներ։ Ներկայ էին ԱԺ ՀՅԴ պատգամաւոր Գեղամ Մանուկեանը եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
Բացման ու շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը` իր խօսքում անդրադառնալով մեր օրերում սփիւռքահայ գրականութեան դերին եւ նշանակութեանը, ինչպէս նաեւ` հայ գրողի առաքելութեանը ճակատագրական պահերին հայրենիքին ծառայելու եւ ազգային արժէքների սերմանման գործում։
Միջոցառման բանախօսն էր գրող, գրականագէտ Արթուր Անդրանիկեանը, ով իր խօսքում ներկայացրեց Տէր Ղուկասեանի բանաստեղծական լեզուն, խօսքի վարպետութիւնն ու բանաստեղծական մշակոյթը` այն գնահատելով ինքնեղ, համարձակ ու ժամանակի շնչին համընթաց։
Շնորհանդէսը շարունակուեց գրողի հետ զրոյցով, որը վարում էր «Թորոնթոհայ» ամսագրի խմբագիր Ռուբէն Ճանպազեանը։ Զրոյցի ընթացքում ներկաները հնարաւորութիւն ունեցան բացայայտելու բանաստեղծի խորունկ աշխարհը, նրա ընկալումները բառ ու բանի շուրջ, հոգեհարազատ թեմաներն ու գրական ազդեցութիւնները, ինչպէս նաեւ`նրա մտորումները Սփիւռքում ու Հայրենիքում ստեղծուող ժամանակակից գրականութեան խնդիրների շուրջ։
Համազգայինի Կենտրոնական վարչութեան անունից խօսք ասաց ԿՎ անդամ Արտաշէս Շահբազեանը։
«Պոեզիան հոգու կենսագրութիւն է։ Խաչիկ Տէր Ղուկասեանի պոեզիայի հերոսը աշխարհի թոհուբոհի մէջ մի կողմ քաշուած ու տարակուսանքով աշխարհի անցուդարձին եւ վայրիվերումներին նայող մարդն է։ Նրա բանաստեղծութիւնները խօսուն ու պատկերաւոր պատմութիւններ են` իրենց մէջ ամփոփելով նովելային արձակի շատ ու շատ տարրեր։ Սա բանաստեղծական կարեւոր հմտութիւն է»,- նշել է Շահբազեանը։
Շնորհանդէսին սրտի խօսք ասացին նաեւ Լիլիթ Գալստեանը, Համահայկական գրողների միութեան նախագահ Աբգար Ափինեանը, Խաչիկ Տէր Ղուկասեանի ճեմարանական ընկերները։
Ղուկասեանն իր մակագրութեամբ ներկաներին նուիրեց ժողովածուն` խոստանալով շարունակութիւն եւ նոր գրական հանդիպումներ։
