
8 Ապրիլ 2021-ին Երեւանի «Թերլեմեզեան» ցուցասրահում Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ կայացել է արցախցի լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի՝ արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում արուած լուսանկարների ցուցահանդէսի բացումը:
Բացման խօսքով հանդէս եկաւ Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը:
«Այս լուսանկարներից Իւրաքանչիւրը պատմութիւն է՝ մեր ապրած ու չապրած օրերի, մեր կորուստների,ցաւի, սպասումի եւ միաժանակ՝ ապրելու վճռականութեան մասին: Այս լուսանկարները մեծ ասելիք ունեն մեզ ու աշխարհին»,- նշել է Հ.Աւագեանը:
Ներկաներին իրենց սրտի խօսքն են յղել լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրէն Սպարտակ Ղարաբաղցեանը, Փ.Թերլեմեզեանի անուան ուսումնարանի տնօրէն Աննա Մնացականեանը, Դաւիթի լուսանկարներում պատկերուած, զոհուած հերոսներից մէկի՝ Կոլիա Նիկողոսեանի ծնողները:
Երգչուհի Սուզաննա Մելքոնեանը միջոցառման ընթացքում հանդէս է եկել ազգային-հայրենասիրական երգերով:
Ցուցահանդէսին ներկայացուել են շուրջ 100 լուսանկարներ՝ Արցախի տարբեր վայրերից, որտեղ ընթացել են թէժ մարտեր: Լուսանկարիչը պատկերել է նաեւ թիկունքը՝ աւերուած քաղաքներ, ծննդատուն, հիվանդանոցներ, եկեղեցի, ապաստարաններ, սպասող մայրեր, կանայք, երեխաներ:
Ցուցահանդէսը բաց կը լինի մինչեւ ապրիլի 18-ը: