
Համազգայինի Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ Մասիս քաղաքում գործող խմբակները կոչուած են կրթութեան եւ մշակոյթի ճանապարհով սատարելու Արցախից տեղահանուած դպրոցականներին։
Մայիս 2024-ին, Մասիսի մեր սաներին էին այցելել Ֆրանսիայի Մարսէյ քաղաքի Համազգայինի Ճեմարանի աշակերտները, ովքեր նաեւ ներկայացնում են «Կիլիկիա» ազգագրական պարի համոյթը։
Մասիսի համայնքապետարանի դահլիճում կազմակերպուեց ջերմ հանդիպումը, որին ներկայ էր Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանը։
Արցախի սաները Ֆրանսիայից ժամանած իրենց հասակակիցներին ողջունեցին երգով, ասմունքով, նրանց նուիրեցին իրենց պատրաստած ձեռքի աշխատանքներից։ Ճեմարանականները նոյնպէս խորհրդանշական նուէրներ էին պատրաստել նրանց համար։
Հանդիպմանը միացաւ նաեւ Մասիսի հանայնքապետ Դավիթ Համբարձումեանը։ Նա ողջունեց ներկաներին` նշելով, որ միշտ պատրաստ է համագործակցելու,
սատարելու Արցախի դպրոցականների հետ տարուող մշակութային ծրագրերին։
Համազգայինի սաները ջերմ շփում ունեցան իրար հետ եւ օրն ամբողջացաւ բացօթեայ շուրջպարերով։