
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նշուել է Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը՝ Վարդավառը։ Միջոցառման հիւրերն էին Համազգայինի համահայկական երիտասարդական հաւաքի մասնակիցները, ովքեր Հայաստան են ժամանել աշխարհի 10 երկրներից։
Տօնական օրուան մեկնարկին երիտասարդները նախ յարգանքի տուրք են մատուցել մեծն Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին՝ խոնարհելով հայ դպրութեան հիմնադրի յիշատակի առջեւ։
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիւ Տէր Վազգէն քահանայ Յովհաննիսեանն իր օրհնութեան եւ բարեմաղթանքի խօսքն է յղել երիտասարդներին եւ միասնական աղօթքով խնդրել, որ Բարձրեալը խաղաղութիւն ու արեւշատութիւն շնորհի աշխարհասփիւռ հայ ազգին։
Այնուհետեւ ծրագիրը շարունակուել է եկեղեցուն կից դպրատան սրահում։ Ներկաները մեծ յուզմունքով ունկնդրել են հոգեւոր երգերի շարք՝ ՀՀ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Ռոման Խնկոյեանի բարձրարուեստ կատարմամբ։
Միջոցառման պաշտօնական մասում ոգեշնչող ելոյթներով հանդէս են եկել Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը, Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանը, Համազգայինի Պէյրութի Ճեմարանի վաստակաշատ տնօրէն Տիգրան Ճինպաշեանը եւ գրող Արտաւազդ Նազարեանը՝ կարեւորելով մաշտոցեան արժէքներն ու սփիւռքահայ երիտասարդութեան ազգային ինքնութեան պահպանումը։
«Այսօր, երբ աշխարհի 10 երկրներից հաւաքուել էք այստեղ՝ մեր մեծ ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի շիրիմի մօտ, մենք վերահաստատում ենք մեր միասնութիւնը։ Մաշտոցեան գրերը պարզապէս տառեր չեն, դրանք մեր ինքնութեան յենասիւներն են, որոնք դարեր շարունակ մեզ հայ են պահել, եւ այսօր էլ հենց դրանք պիտի դառնան ձեր ուղեցոյցը՝ աշխարհի ո՛ր անկիւնում էլ լինէք»,- շեշտել է Արտաշէս Շահբազեանը։
Իր ծանրակշիռ ու իմաստուն խօսքով երիտասարդներին է դիմել Համազգայինի Պէյրութի Ճեմարանի վաստակաշատ տնօրէն Տիգրան Ճինպաշեանը՝ ընդգծելով.
«Մաշտոցի շիրիմի առջեւ կանգնելը սովորական այցելութիւն չէ, այլ ինքնութեան քննութիւն եւ պատասխանատուութիւն: Այսօր Սփիւռքում հայերէն խօսելն ու հայ զգալը հերոսութիւն է, բայց միեւնոյն ժամանակ՝ մեր գոյութեան միակ երաշխիքը: Դուք աշխարհի տարբեր ափերից բերել էք ձեր համայնքների շունչը, բայց ձեր հոգեւոր հայրենիքն այստեղ է»:
Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանն էլ, իր խօսքն ուղղելով երիտասարդներին, կարեւորել է.
«Հայոց գրերի ստեղծումը մեր պատմութեան ամենամեծ հրաշքն է, եւ մեր գլխաւոր առաքելութիւնն է, որ դուք՝ նոր սերունդը, ամուր կառչած մնաք այդ արմատներին, պահպանեք մեր լեզուն ու մշակոյթը ձեր համայնքներում։ Մաշտոցի հանճարը մեզ տուեց ոչ միայն գիր, այլեւ հոգեւոր զրահ՝ ընդդէմ ուծացման։ Մաշտոցեան այս ժառանգութիւնն է այն կամուրջը, որ ձեզ միշտ կապելու է հայրենիքին ու ձեր ինքնութեանը»։
Գրող Արտաւազդ Նազարեանը պատմական էքսկուրսով անդրադարձել է Մաշտոցեան ժամանակներին եւ հայ ինքնութեան պահպանման խնդիրներին՝ շեշտելով, որ գրերի գիւտը եղել է հայութեան առաջին մեծ ռազմավարական յաղթանակը, որ փրկել է ազգը ձուլումից։ Նա յորդորել է երիտասարդներին սեփական համայնքներում դառնալ այդ յաղթանակի կրողներն ու տարածողները։
Միջոցառումն անցել է ջերմ, հայրենաշունչ մթնոլորտում՝ դառնալով հայրենիք-սփիւռք կապի ամրապնդման եւ մշակութային արժէքների վերարժեւորման եւս մէկ գեղեցիկ առիթ։ Վարդավառի տօնը շարունակուել է երիտասարդների կողմից ազգային, հայրենասիրական երգերի կատարմամբ։
Տաղաւար օրուան աւարտին ներկաները նաեւ այցելել են Սուրբ Կարմրաւոր եկեղեցի եւ յարգանքի տուրք մատուցել եկեղեցու բակում ամփոփուած հայ մեծանուն գրողի՝ Գէորգ Էմինի յիշատակին։ Գրողի շիրիմի մօտ երիտասարդներին իր սրտի խօսքն է ուղղել Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ եւ Գէորգ Էմինի ազգական Արեւիկ Գաբրիէլեանը՝ նշելով, որ Էմինը հայ ազգի նուիրեալ էր, եւ նրա պատգամն է, որ հայ երիտասարդը երբեք չկորցնի իր կապը հայրենի հողի հետ, տիրապետի մայրենիին եւ իր ամբողջ ներուժով ծառայի ազգային արժէքների յարատեւմանը։
