
Համազգայինի «Սայաթ Նովա» երգչախմբի Մայիսի 3ին կայացած ամէնամեայ համերգը բացառիկ էր մի շարք առումներով: Գեղարուեստական ղեկավար Միքայէլ Աւետիսեանի եւ խմբավար Գայեանէ Պաղտասարեանի ղեկավարութեամբ` բեմում էին երգչախմբի յիսուն երգիչ-երգչուհիներ, արհեստավարժ երաժիշտներից կազմուած նուագախումբ եւ Համազգայինի «Անի» պարախումբը` առաջնորդութեամբ հիմնադիր պարուսոյցներ Սիւզի Բարսեղեանի եւ Եղիա Հաշօլեանի, որ միասնաբար հանդէս եկան յայտնի «Գոհար» համոյթի երգացանկով: Շուրջ երկու ժամ, աւելի քան հազար հանդիսականները հնարաւորութիւն ունեցան վայելելու ժողովրդական, էստրադային, հայ դասականների ստեղծագործութիւնների հրավառութիւն:
«Այսօր մենք միացեալ Հայաստանն ենք ներկայացնում, քանզի բեմում է մի իւրատեսակ փունջ, որ կազմուած է իրանահայերից, հայաստանցիներից, լիբանանահայերից, իրաքահայերից, արգենտինահայերից, ամերիկահայերից», բացման խօսքում նշեց երգչախմբի ատենապետ Կարօ Քամարեանը: Նա շնորհակալութիւն յայտնեց «Գոհար» երգչախմբին, որ տարիներ շարունակ աշխարհասփիւռ հայերին ներկայացրել է իւրաքանչիւր հայի հոգու նուիրական երգերն այնպէս, որ ոգեշնչող է եղել նաեւ «Սայաթ Նովա» երգչախմբի համար եւ դարձել է այն չափանիշը, որին ձգտում է բնոյթով նմանուել: Քամարեանը փոխանցեց նաեւ «Գոհար» համոյթի` համերգի առիթով շնորհաւորանքն ու յաջողութեան մաղթանքը: