
7 Յուլիս 2023-ին Երեւանի «Եւրոպա » հիւրանոցի դահլիճում կայացաւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ուսանողական ֆորումի բացման արարողութիւնը:
Բացման ընթացքում ողջոյնի խօսքով հանդէս եկան Համազգայինի կեդրոնական վարչութեան անդամներ Արտաշէս Շահբազեանը, Արեւիկ Գաբրիէլեանը, Արա Գէորգեանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցեանը, Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքէլեանը, Ռուսաստանի Դաշնութիւնում Համազգայինի մասնաճիւղի ատենապետ Արթուր Փայտեանը եւ նոյն մասնաճիւղի անդամ Բալիկ Գալէմքերէանը:
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ուսանողական Ֆորումը Համազգայինի աւանդական ծրագրերից է:
Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգութեանը հաղորդակից դարձնելու, ազգային յանձնառութիւններ ներարկելու ձեռնարկ է:
Այս տարի Համազգայինի ուսանողական ֆորումը տեղի է ունենալու յուլիսի 7-ից յուլիսի 19-ը: Ֆորումին իրենց մասնակցութիւնն են բերել Սփիւռքի տարբեր գաղթօջախներից (ԱՄՆ, Լիբանան, Սուրիա, Ֆրանսա…) ներկայացնող 17 հայ երիտասարդներ, ինչպէս նաեւ մասնակիցներ Հայաստանից եւ Արցախից:
Ծրագիրի 11 օրերի ընթացքում համալսարանական երիտասարդներն առիթ կ’ունենան հանդիպելու հայրենի մտաւորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, կը լսեն պատմամշակութային թեմաներով դասախօսութիւններ, իրենց հասակակիցների հետ կը քննարկեն ժամանակակից հայ երիտասարդներին յուզող տարաբնոյթ խնդիրներ:
Համահաւաքի օրերին Սփիւռքահայ ուսանողները կը հիւրընկալուեն Երեւանի պետական համալսարանում, Մատենադարանում, Հայաստանի Ամերիկեան Համալսարանում, Թումոյում, տարբեր թանգարաններում, կը լսեն դասախօսութիւններ «Հայկական ճարտարապետութիւն», «Ազգային նուագարաններ» եւ այլ թեմաներով:
Ֆորումը մասնակիցները կ’այցելեն նաեւ Գիւմրի` ճանաչելու Հայաստանի մշակութային քաղաքն իր տեսարժան ու պատմամշակութային վայրերով:
ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԵՐԵՒԱՆԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ