
Դպրոցի ազգութիւնը կախուած չէ աշակերտների եւ վարժապետների լոկ հայութիւնից, լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին... Թող ուրեմն հայ մանուկը նախ եւ առաջ որպէս հայի զաւակ ուսանի իւր սեփական լեզուն եւ ապա օտարինը։
Միքայէլ Նալբանդեան
Իւր սեփական լեզուն ուսանելու ցանկութիւնն էր Մոսկուայի Матвеевская թաղամասում ապրող մօտ հարիւր հայ բալիկների բերել Нежинская 9, корп. 1 հասցէ, որտեղ 2025 թ.֊ ի Դեկտեմբերի 7-ից սկսեց գործել Համազգայինի ՌԴ կառոյցի հերթական՝ թուով տասներկուերորդ դպրոցը։
КЭСИ քոլեջի հիւրընկալ եւ ընդարձակ սպասասրահում, մեր բալիկներին եւ նրանց ծնողներին սիրով դիմաւորեցին նորաբաց դպրոցի ուսուցչակազմը եւ Համազգայինի ՌԴ կառոյցի ներկայացուցիչը, ով ողջունեց երեխաներին եւ նրանց փոխանցեց դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ եւ աշխատանքային տետրեր՝ ձեռք բերուած Լազարեան ֆոնդի միջոցներով։
Այնուհետեւ, ըստ նախօրօք ձեւաւորուած տարիքային խմբերի, ժամանակակից եւ կահաւորուած դասասենեակներում մեկնարկեցին դպրոցի պարապմունքները, իսկ Համազգայինի ներկայացուցիչը եւ դպրոցի պատասխանատուն՝ ծնողների հետ միասին, շարունակեցին դպրոցին առնչուող տարաբնոյթ հարցերի քննարկումը։
Քննարկման արդիւնքում ընդունուեց որոշում՝ Համազգայինի ՌԴ կառոյցի, Матвеевская թաղամասի կիրակնօրեայ դպրոցը անուանակոչել ՀԱՅԱՍՏԱՆ։
Բարի երթ...
Համազգայինի ՌԴ կառոյցի տեղեկատուական ծառայութիւն. Ք. Մոսկուա
