
2017թ․ Ապրիլի 9-ի երեկոյեան Համազգայինի Նայիրի պարախումբը հայկական պարի ակունքներին նուիրուած իւրայատուկ համերգային ծրագիր ներայացրեց։ Համերգային ծրագիրը նուիրուած էր նաև Հայաստանի քաջարի Զինուած ուժերի քսանհինգամեակին, ի յիշատակ Ապրիլեան քառօրեայ պատերազմի նահատակների։
Երկար սպասուած համերգը, որ տեղի ունեցաւ Պարամաթա շրջանի, Ռիւերսայդ համերգասրահում, ծնունդ էր առել Հայաստանի պարի պետական Բարեկամութիւն համոյթի հիւր՝ արուեստագէտներ Հրաչեայ Բադալեանի, նրա կնոջ՝ Անահիտ Բադալեանի և Նայիրի պարախմբի գեղարուեստական ղեկավար, պարուսոյց, պարերի բեմադրիչ Ասատուր Հաջեանի համագործակցութեան շնորհիւ։
Չորս տասնեակից աւելի մասնագիտական փորձ ունեցող Բադալեան զոյգը իրենց պարային գործունեութիւնը սկսել են յաջորդաբար Երևանի և Հայաստանի պարի պետական համոյթներում, որից յետոյ նրանք միացել են Բարեկամութիւն պարային համոյթին։ Որպէս պարախմբի մենապարողներ ու պարախմբի առաջնային պարողներ, նրանք շրջագայել են աշխարհի շատ երկրներում։ Նրանց մասնագիտական հմտութիւնը նրանց համար ճանապարհ հարթեց դէպի վեր, աւելի նոր բարձունքներ՝ դառնալ պարախմբի գլխաւոր պարուսոյց և ուսուցիչ։ Այս նոր ստանձնած դերը նրանց հնարաւորութիւն տուեց պարախմբի երիտասարդ սերնդին փոխանցել իրենց հմտութիւնն ու փորձը։ Արուեստի, պարի, թատրոնի, բեմարուեստի և պարի բեմադրման բնագաւառներում իրենց գիտելիքներով և կարողութեամբ այս տաղանդաւոր պարուսոյցները հասել են միջազգային չափանիշների մակարդակի։ Բացի իրենց մասնագիտական դերից բեմում և բեմից դուրս, Բադալեան զոյգը մասնակցում է արտերկրի հայ համայնքների պարախմբերի աշխատանքներին։
Ներկայումս, Սիդնէյ իրենց վերադարձով այս արուեստագէտները նպատակ ունեն շարունակել իրենց առաքելութիւնը, պահպանել հայկական հնագոյն պարատեսակները այն համոզումով, որ դրանք կը ժառանգեն և կը պարեն գալիք սերունդները։ Նպատակին ծառայելու նրանց այս նուիրումը ակնբախ էր նրանց անդրանիկ համերգային ելոյթի ժամանակ, որտեղ հարիւրից աւելի տարբեր տարիքի մասնակիցներ ցուցադրեցին իրենց անսահման նուիրումն ու հպարտութիւնը իրենց ազգային պարի հանդէպ։
Պարերը ուղեկցւում էին լսողա-տեսողական պաստառների ցուցադրութեամբ, որոնք կարծես հանդիսատեսին դարերի միջով ճամբորդութեան էին տանում։ Վերացական և ուսուցողական տեսաերիզները, երիզներից հնչող պատմութիւնները և կարճ տեսարանները հայոց պատմութեան տարբեր դարաշրջաներ էին տանում հանդիսատեսին և իւրաքանչիւր տեսաերիզ տրամաբանօրէն շաղկապւում էր ներկայացուող պարերի հետ, միահիւս դառնալով դրանց։
Նախ ներկայացուեց հայր Հայկ Նահապետի առասպելական ծագումը, ապա ներկայացուեցին հայոց այլ արքաներ, արքաներ որոնք թագաւորութեան ժամանակ Հայաստանը դարձել էր քաղաքակիրթ և զարգացած հզօր թագաւորութիւն։ Յաջորդ տեսաերիզը հանդիսատեսին փոխադրեց լուսաւորութեան և հաւատի դարաշրջան, որին յաջորդեց վերածննդի շրջանը՝ հայոց այբուբենի, փիլիսոփայութեան, գիտութեան, պոէզիայի և գրականութեան ստեղծման ու զարգացմանը շրջանը։
Երեկոյի ամենացաւոտ տեսարանը Հայոց մեծ եղեռնի յիշատակման պահերն էին։ Եղեռն, որ աւելի քան մէկ և կէս միլիոն կեանք խլեց և աւելի քան մէկ ու կէս միլիոն երազանք, յոյս, սէր թողեց անկատար։ Տեսաերիզից հնչող խօսքերը մէկ հիմնական պատգամ էին հաղորդում՝ հայը միշտ ապրել է ու կ'ապրի, չնայած այն անվերջանալի բիրտ պատերազմներին, որ մղուել են հայրենիքն ու ազգը պահել պահպանելու համար։ Այդ պատերազմները իրենց անդառնալի հետքն են թողել հայոց երկրի բնաշխարհի և նրա հնամեայ յուշարձանների վրայ։ Այսօր էլ նման պատերազմներ շարունակւում են Արցախ աշխարհում տեղի ունեցած հակամարտութեան հետևանքով։ Վերջին տեսաերիզով յարգանքի տուրք մատուցուեց Արցախեան պատերազմին նահատակների յիշատակին, ինչպէս նաև Արարատ բիբլիական լերանը, մեր անցեալի, ներկայի և ապագայի անխօս վկային։
Հայկական հարուստ, գունագեղ ազգային տարազներով, տպաւորիչ լուսային հնարքներով և հայ ազգային դասական երգահանների ստեղծագործութիւններով միահիւսուած այս ազդեցիկ տեսարանները գերեցին ներկաների սրտերը և ալեկոծեցին նրանց հոգիները։
Բնականաբար, օրուայ հերոսները հենց իրենք, պարողներն էին։ Պարախմբերը և նրանց պարուսոյցները ցուցադրեցին իրենց բազմաոճ պարի բեմադրման արուեստը։ Իսկ պարերի տեսականին իրօք որ հարուստ էր՝ հայ ազգային մինչև դասական և ժամանակակից պարեր և աւելին․․․
Ներկայացուեցին շատ յայտնի խմբային պարեր ինչպէս օրինակ «Պապուրի» (Երէցների խումբ) և «Ծաղկաձոր» (կրտսեր աղջիկների խումբ) կամ «Հայաստան» (կրտսերների խումբ) և «Հայկական պարերի շարան» (երէցների խումբ)։ Աւանդական կանացի «Նազ պարը» իր եթերային նազանքով արտացոլում էր մի եզակի գեղեցկութիւն և նրբագեղութիւն։ Երէց աղջիկների խմբի կատարմամբ «Կիլիկիա» և «Վաղարշապատ» պարերը շատ բարձր կատարողական արուեստ ներկայացրեցին։ Տղաների խմբի կատարմամբ ներկայացուած «Ալաշկերտի Քոչարի», Բերդի ստեղծումը «Բերդ» պարը (բերդը մարմնաւորում է մեր նախահայրերի տոկունութիւնը) իրենց հուժկու ուժով, միասնութեամբ և տոկունութեամբ կարծես հանդիսատեսին գամել էին իրեն աթոռներին։
Աւելի ժամանակակից պարերի տեսականին ի յայտ եկաւ կանացի նազանքով ու գեղանիութեամբ կատարուած դասական «Կռունկ» մենապարի ընթացքում։ Կռունկը մարմնաւորում է հայկական ազգային թռչունին, թռչուն որը արտագաղթի և հայկական սփիւռքի խորհրդանիշն է։
Եզրափակելով, պէտք է նշել, որ բեմադրուած ամէն մի պար շատ պատկերաւոր էր և խորիմաստ։ Դատելով դահլիճում հնչած արձագանգներից, արցունքներից, ծափերից, յոտնկայս մեծարանքի ցոյցերից կարելի է ասել, որ հանդիսատեսը շատ ներշնչուած, ոգեշնչուած և հիացած էր այս փառահեղ համերգային ծրագրից։
Երեկոյի աւարտին պարախմբերը բեմ դուրս եկան ողջոյնի հրաժեշտ տալու հանդիսատեսին ինչպէս նաև դրօշ բարձրացուեց Հայկական զինուած ուժերի հիմի ներքոյ։ Փակման արարողութեան ժամանակ փառաբանուեցին Շուշիի յաղթական պայքարի հերոսական երիտասարդ մասնակիցները։ Չնայած երեկոն պարով չաւարտուեց բայց բեմի և արուեստի միջոցով նման հայրենասիրական ոգի դրսևորելով, հայ երիտասարդները կարող են հպարտանալ և պայքարել հայկական արուեստի և ինքնութեան ճանաչման համար, այնպէս ինչպէս Հայկական զինուած ուժերն են շարունակում պայքարել իրենց հայրենիքի և ժողովուրդի պաշտպանութեան համար։
Շնորհաւորանքներ և քաջալերանքի Համազգային Նայիրի պարախմբի ողջ ընտանիքին։