Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի 30 սաներ 16 Յունիս 2024-ին հայրենաճանաչողական հետաքրքիր շրջապտոյտ կատարեցին։ Նախաձեռնութիւնը ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեանն էր` ամրապնդելու Համազգային-ԱԵՄ համագործակցութիւնը։
Նախաձեռնութեան շրջանակում Համազգայինի` Աբովեան եւ Մասիս քաղաքների աւագ խմբերի սաներն այցելեցին Գեղարդի վանական համալիր, Գառնիի հեթանոսական տաճար, Քարերի սիմֆոնիա եւ Չարենցի կամար։ Նրանք նաեւ զարգացնող ու դաստիարակիչ խաղեր խաղացին` ամրապնդելու իրենց գիտելիքները հայ գրականութիւնից եւ հայոց պատմութիւնից։
Համազգայինի սաներին ողջոյնի խօսք ասաց Արցախի երիտասարդական միութեան ներկայացուցիչ Վահագն Խաչատրեանը։
Իսկ Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանն իր խօսքում նշեց. « Համազգայինի Արցախի գրասենեակի աւագ խմբերի սաների համար այսօրը յիշարժան կը մնայ, որովհետեւ նրանք ոչ միայն ունեցան հայրենաճանաչողական իմաստալից շրջապտոյտ, այլեւ ձեռք բերեցին նոր ընկերներ՝ յանձին Արցախի երիտասարդական միութեան ընկերների։ Համազգայինի Արցախի գրասենեակը շնորհակալ է այս համագործակցութեան համար, որի նպատակն Արցախի երիտասարդներին իրար կողքի հաւաքելը, նրանց ներուժի բացայայտելն ու ազգային հիմքերով տարբեր ծրագրեր իրականացնելն է»։