
Նիւ Եորքի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու եւ Համազգայինի Արեւելեան ԱՄՆ Շրջանային Վարչութեան համատեղ նախաձեռնութեամբ Նիւ Եորքում կայացաւ հանդիպում Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութեան Արցախի գրասենեակի տնօրէն, հեղինակ Հերմինէ Աւագեանի հետ, որին ներկայ էին եկեղեցու հոգեւոր հովիւ Տէր Մեսրոպ քահանայ Լագիսեանը, Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան Արեւելեան ԱՄՆ ներկայացուցիչ Արեւիկ Գաբրիէլեանը, ՀՅԴ Արեւելեան ԱՄՆ ԿԿ ներկայացուցիչ Անի Չաղլասեանը, Համազգայինի եւ ՀՕՄ-ի շրջանային վարչութիւնների անդամներ, հիւրեր։
Միջոցառման ընթացքում ներկաներն առիթ ունեցան ծանօթանալու Համազգայինի Արցախի գրասենեակի գործունէութեանը, «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագրին, դիտելու այդ ծրագրի մասին վաւերագրական տեսանիւթ։ Երեկոյին մաս կազմեց Համազգայինի Արցախի գրասենեակի նկարչութեան խմբի մէջ ներգրաւուած մանուկների քսան գեղանկարչական աշխատանքների ցուցահանդէսը։
Այնուհետեւ կայացաւ Հերմինէ Աւագեանի «Օրացոյցից պոկուած օրեր» եւ «Վազում եմ, սպասիր» գրքերի շնորհանդէսը։ Հեղինակն իր ցանկութեամբ բերել էր նաեւ Արցախի գրողների միութեան անդամ այլ հեղինակների գրքեր, որոնք եւս ներկայացրեց ներկաներին: Ի դէպ, այդ գրքերը յանձնուեցին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին եւ այսուհետեւ երկրի կարեւորագոյն գրադարանի մնայուն հաւաքածոյի մաս կը կազմեն։
Միջոցառումը իր ողջոյնի եւ օրհնութեան խօսքով բացեց Տէր Մեսրոպ Քահանայ Լագիսեանը։ Համազգայինի Կենտրոնական Վարչութեան անդամ Արեւիկ Գաբրիէլեանը նախ շնորհակալութիւն յայտնեց Տէր Մ․ Լագիսեանին՝ Համազգայինին իր մշտական օժանդակութիւնը բերելու համար։ Նա յատուկ շնորհակալութիւն յայտնեց Համազգայինի Արցախի եւ ՀՀ գրասենեակներին իրենց աշխոյժ գործունէութեան համար, ապա նշեց Կենտրոնական Վարչութեան բազմաթիւ ծրագրերը, ընդգծելով, որ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է իւրաքանչիւր համայնքի մասնակցութիւնը։ Համազգայինի Արեւելեան Ամերիկայի Շրջանային Վարչութեան ատենապետուհի Յասմիկ Աբրահամեանը հանդէս եկաւ ողջոյնի խօսքով եւ ներկայացրեց օրուան գլխաւոր բանախօս Հերմինէ Աւագեանին։ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութեան Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը ներկաներին ծանօթացրեց Արցախում իրականացուող ծրագրերին ու միջոցառումներին։
Այնուհետեւ ներկաներն առիթ ունեցան հիւրասիրութեան շուրջ եւ մտերմիկ մթնոլորտում զրուցելու, ծանօթանալու Հ. Աւագեանի գրական ստեղծագործութիւններին, խօսելու այսօր Արցախում ստեղծուող գրականութեան մասին, ինչպէս նաեւ դիտելու Համազգայինի նկարչութեան խմբի արցախցի փոքրիկ նկարիչների աշխատանքների ցուցահանդէսը։
Անդրադառնալով մանուկների աշխատանքների ցուցահանդէսին՝ Հերմինէ Աւագեանը շեշտեց. «Սփիւռքը միշտ եւ միշտ Հայրենիքի, գլխաւորապէս Արցախի թիկունքն է եղել՝ իր ամբողջ ներուժը ծառայեցնելով Հայրենիքի բարօրութեանը, կրթական եւ մշակութային կեանքի զարգացմանը, Արցախի միջազգային ճանաչմանը, Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ու դատապարտմանը։ Համազգայինի 95-ամեայ կառոյցը նոյնպէս իր էական ներդրումն ունի այդ նուիրական աշխատանքներում։ 44-օրեայ պատերազմի օրերին Համազգայինը կեանքի կոչեց «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագիրը, որի արդիւնքում աւելի քան 400 արցախցի երեխաներ այսօր այդ ծրագրի մասնակիցն են։ Մեր փոքրիկ նկարիչները, որոնք ստեղծագործում են թշնամու կողմից շրջափակուած Արցախում, ցանկութիւն ունեն իրենց ձեռքով գծած նկարների վաճառքի համեստ հասոյթը նուիրել Համազգայինի Կենտրոնական վարչութեանը, որպէսզի իրենք եւս իրենց ներդրումն ունենան Համազգայինի ծրագրերի շարունակականութեան մէջ։ Սա կարեւոր գիտակցում է մեր մանուկների համար․ նրանք գիտեն, թէ ի՛նչ վիճակում են Սիրիայում ապրող իրենց հասակակից հայ երեխաները, գիտեն, թէ Լիբանանում տիրող ծանր տնտեսական ճգնաժամի պայմաններում ինչպէս են Համազգայինի ճեմարանն ու մանկապարտէզը պայքարում հայ երեխային հայ կրթելու համար եւ առհասարակ այն դժուար ու պատասխանատու աշխատանքը, որն իրականացնում է Համազգայինի ազգանուէր կառոյցը։ Այս պայմաններում մենք պիտի իրար թիկունք լինենք, որպէսզի յարատեւենք»։
Միջոցառումն անցաւ մտերմիկ ու անմիջական մթնոլորտում։
Մարտ 30, 2023