
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակում 18 Հոկտեմբեր 2024-ին կայացաւ յուշ ցերեկոյթ` նուիրուած լիբանանահայ բանաստեղծ, արձակագիր, գրականագէտ Պետիկ Հերկելեանի (Պետրոս Հերեան) յիշատակին։
Յուշ ցերեկոյթին ներկայացուեց նրա ստեղծագործութիւնների «Ընտրանի» ժողովածուն, որն ընդգրկում է հեղինակի` կենդանութեան օրօք եւ մահից յետոյ լոյս տեսած բոլոր գործերը։ Գրքի կազմողն ու խմբագիրը գրականագէտ Ալեքսանդր Թոփչեանն է։ Այն լոյս է տեսել 2020 թուականին։
Յուշ ցերեկոյթը, որին ներկայ էին գրողի մտերիմները, գրականագէտներ, համազգայնականներ, նախաձեռնել էր եղբայրը` Մովսէս Հերկելեանը։
Բացման եւ ողջոյնի խօսքով ներկաներին դիմեց Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանը։
Գրողի ստեղծագործական կեանքի, նրա թողած գրական ժառանգութեան մասին խօսք ասաց գրականագէտ Սուրէն Աբրահամեանը` նշելով, որ նա ճանապարհի բանաստեղծ էր եւ պէտք է դեռ երկար քայլէր, իր հմայական խօսքը բերէր գրականութիւն։ Ցաւօք, շատ կարճ էր նրա կեանքն ու ճամբան։
Լիբանանահայ վաստակաշատ մանկավարժ Տիգրան Ճինպաշեանը գրողին ճանաչել էր մօտիկից ու առանձնացրեց այն, որ նա բացառիկ տաղանդի տէր մարդ էր եւ նրա թողած գրական գործերը դեռ երկար պիտի կարդացուեն ու ապրեն։
Իրենց սրտի խօսքն ասացին նաեւ Պետիկ Հերկելեանի ընկերները` Սարգիս Ետելեանը, Արէն Յովսէփեանը, Յովսէփ Սեֆերեանը, Սարգիս Զէյթլեանը։
Գրողի ստեղծագործութիւնների մասին գրականագիտական հայեացքներով կիսուեց գրականագէտ Դաւիթ Գասպարեանը։
Նրա ստեղծագործութիւնների առանձնայատկութիւններին անդրադարձան բանաստեղծներ Յակոբ Մովսէսը եւ Հենրիկ Էդոյանը։
«Երբ բանաստեղծները մահանում են, նրանց թողած գրականութիւնը մնում է։ Նշանակում է`բանաստեղծները մահ չունեն։ Այո՛, այդպիսի «սովորոյթ» ունեն իրական բանաստեղծները։ Պետիկը նրանցից մէկն է »,- շեշտեց Էդոյանը։
Ցերեկոյթի ընթացքում Ցոլեր Շխրտմեանը, ով եղել է գրողի աշակերտուհին, ասմունքեց «Հմայքի տղան» բանաստեղծութիւնը։