
28 Սեպտեմբեր 2021-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել «Հնչող ձայներ» եւ «Պատերազմի դուռը» գրքերի շնորհանդէսը: «Հնչող ձայներ»-ը ներկայացնում է 44-օրեայ պատերազմում զոհուած հերոս տղաների ստեղծագործութիւնների ժողովածուն։ Այն տպագրուել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի կողմից:
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան տնօրէն Հերմինէ Աւագեանը նշել է, որ գրքում տեղ են գտել Արցախի 44-օրեայ պատերազմի ընթացքում անմահացած հերոսների ստեղծագործութիւնները, ովքեր մի ձեռքին՝ զէնքը, միւս ձեռքին՝ գրիչը գնացին մարտի:
«Արցախից ներկայացուած են երիտասարդ գրող Հայասեր Յովսէփեանի բանաստեղծութիւնները եւ Արցախեան առաջին պատերազմում նահատակուած շնորհալի գրող Կոմիտաս Յակոբեանի ստեղծագործութիւնները: «Հնչող ձայներ»-ն այն տղաների ձայներն են, որ պէտք է յաւերժ հնչեն մեր բոլորի հոգում, մտքում, սրտում, եւ պէտք է սերունդներին փոխանցուի այդ ձայնը, որն առաջին հերթին պէտք է լինի սթափութեան, ներկայից, անցեալից դասեր քաղելու ձայն»,- իր խօսքում ասել է Հ. Աւագեանը: