
22 Դեկտեմբեր 2022-ին, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակութային կենտրոնի նախաձեռնած համագումարին հրաւիրուած էին Մոսկուայի եւ Մոսկուայի մարզի հայկական կիրակնօրեայ դպրոցների եւ մշակութային կենտրոնների ներկայացուցիչները։
Համագումարին մասնակցեցին նաեւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ՌԴ-ի կառոյցի վարչութեան կրթական պատասխանատու Բալիկ Գալէմքերեանը եւ Համազգայինի ՌԴ կառոյցի ատենապետ Արթուր Փայտեանը։
Բալիկ Գալէմքերեանը իր խօսքում կարեւորեց սփիւռքում հայապահպանութեան դերը՝ յաւելելով, որ Համազգայինի աշխարհասփիւռ կազմակերպութիւնը մօտ մէկ դար այն իրականացնում է աշխարհի տարբեր երկրներում։
ՌԴ-ում գործող Համազգայինի նորաստեղծ (մէկ տարի) գործող կառոյցը շարունակում է այդ ազգապահպան առաքելութիւնը՝ հիմնելով դպրոցներ եւ մշակութային այլ միաւորներ։
Արթուր Փայտեանը՝ ողջունելով ներկաներին, նրանց ուշադրութիւնը հրաւիրեց կիրակնօրեայ դպրոցների հայ աշակերտների ազգային դիմագծի, հոգեկերտուածքի, դէպի Հայրենիք ուղղորդման եւ Հայոց Լեզուի ուսուցման խնդիրներին՝ իր ելոյթն ամփոփելով բանաստեղծ Խաչիկ Մանուկեանի խօսքերով, եւ այնուհետ եզրափակեց ասելիքը՝ հնչեցնելով Հայոց Լեզու բանաստեղծութիւնը։
Համազգայինի ՌԴ կառոյցի տեղեկատուական ծառայութիւն