
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ կայացաւ նկարիչ, քանդակագործ, ազատամարտիկ Աշոտ Աւագեանի «Յարատեւ պայքար» պատկերագրքի շնորհանդէսը։
Պատկերագիրքը լոյս է տեսել Համազգայինի Կենտրոնական վարչութեան հովանաւորութեամբ եւ երկլեզու է`հայերէն ու անգլերէն։
Շնորհանդէսը տեղի ունեցաւ Երեւանի Աւ. Իսահակեանի անուան գրադարանում, որտեղ ներկայ էին համազգայնականներ, հասարակական գործիչներ, մտաւորականներ։
Միջոցառումը բացուեց Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանի ողջոյնի խօսքով։ Նա նշեց, որ Աշոտ Աւագեանի արուեստն առանձնանում է իր ինքնատիպութեամբ ու խորհրդաւորութեամբ, որը հնարաւոր չէ համեմատել կամ շփոթել այլ գեղանկարիչների գործերի հետ։ Արտաշէս Շահբազեանը շեշտեց. «Նրա արուեստը նպատակ ունի մեզ կապելու մեր արմատներին, յիշեցնելու, թէ ով ենք մենք եւ որն է մեր սկիզբը։ Նա իր գործերով կարծես պատգամում է` ամուր պահել արմատները»։
ՀՀ ԱԺ պատգամաւոր Լիլիթ Գալստեանն իր խօսքում Աշոտ Աւագեանին բնորոշեց որպէս ազգային մարդու եւ ազգային արուեստագէտի համաձոյլ` կարեւորելով մեր օրերում նման մտաւորականների անհրաժեշտութիւնը։ Նա նաեւ անդրադարձաւ պատկերագրքի խորագրին`շեշտելով. «Այո, յաւերժութեան երաշխիքը յարատեւ պայքարն է։ Արարումն ու պայքարը հոմանիշներ են։ Եթե պայքար չլինի, ծիլը չի աճի, ծառը չի ծաղկի, արուեստի գործեր չեն ծնուի...»։
Շնորհանդէսին խօսք ասացին նաեւ գեղանկարիչ Մովսէս Ծիրանին, քանդակագործ Գետիկ Բաղդասարեանը, փիլիսոփայական գիտութիւնների թեկնածու Յակոբ Մադոյեանը, հասարակական գործիչ Մասիս Բաղդասարեանը, ռեժիսոր Յովհաննէս Իշխանեանը։
Միջոցառումը փակուեց Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանի խօսքով։ «Կարծում եմ` նրա գործերը առանձնանում են երկու բնորոշիչներով. առաջինը` ժայռապատկերների խորհուրդն է, որը պատահական չէ ընտրուած։ Ժայռապատկերները մեզ յուշում են` գնահատել մեր անցեալը, արժեւորել ներկան եւ շիտակ քայլել դէպի ապագայ։ Երկրորդը` շարժումն է, որը տեսնում ենք Աշոտի գործերում։ Միայն վարպետ գեղանկարիչը կարող է շարժումը պատկերի վերածել»,- կարեւորել է Ռ. Առաքելեանը։
Շնորհանդէսի վերջում ցուցադրուեց ռեժիսոր Յովհաննէս Իշխանեանի «Ալֆերաց․ յաւերժ կռիւը կտաւի վրայ» ֆիլմի թրեյլերը, որը նուիրուած է Աշոտ Աւագեանին։
