19 Օգոստոս 2024-ին «Նարեկացի» արուեստի միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Արցախի նկարիչների միութեան անդամ Սամուէլ Թաւադեանի «Յիշողության ուժը» խորագրով ցուցահանդէսի բացումը:
Ցուցահանդէսին ներկայ էին Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ԿՎ ատենապետ Զաքար Քէշիշեանը, Համազգայինի Պէյրութի Ճեմարանի երկարամեայ տնօրէն, հրապարակախօս Տիգրան Ճինպաշեանը, Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանը։
Զաքար Քէշիշեան իր սրտի խօսքն ուղղեց ներկաներին` նշելով, որ գեղանկարչի հետ իր մտերմութիւնը սկիզբ է առել Շուշիում եւ առիթ է ունեցել թէ՛ կազմակերպելու եւ թէ ներկայ լինելու նրա ցուցահանդէսներին։ Նա շեշտեց, որ հաւատում է արուեստի ուժին եւ չի բացառում, որ Շուշիում մնացած կտաւները մի օր անվնաս կը գտնուեն։ Զաքար Քէշիշեան կարեւորեց. «Ստեղծագործութիւններից իւրաքանչիւրում լոյս եւ սէր կայ, ինչը խորհրդանշում է նկարչի հաւատը ապագայի հանդէպ»։
Յիշողութեան ուժը ներկաներին տարաւ Արցախ՝ տեսնելու եւ զգալու Արցախի գոյները։ Այդ գոյների մէջ չկայ լալկանութիւն, այդ գոյները սիրոյ եւ հաւատի գոյներ են։
Սամուէլ Թաւադեանը ծնուել է Արցախում, գեղարուեստական կրթութիւնը ստացել է Շուշիի տեխնիկումում եւ Գիւրջեան ինստիտուտում։ Նա մասնակցել է մի շարք ցուցահանդէսների` Արցախում, Հայաստանում, Լիբանանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Գանատայում, Մոսկուայում, Թիֆլիսում եւ այլուր։
Ցուցահանդէսը կը գործի մինչեւ 6 Սեպտեմբեր: Մուտքն ազատ է: Հասցէ՝ Վարդանանց 16/1։