
«Վարանդա» երգչախումբը 30 տարեկան է: Սեպտեմբեր 2022-ին, Ստեփանակերտում ընթանում են Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան, երիտասարդական երգչախմբի համերգները, որոնք նուիրուած են երգչախմբի 30-ամեակին։ Այս կապակցութեամբ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան աշխարհասփիւռ մեծ ընտանիքը շնորհաւորական ուղերձ է յղել, որը համերգի ժամանակ բեմից ընթերցեց Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէնը։
Շնորհաւորական ուղերձ
Արցախ աշխարհի տոկուն հայրենակիցներ,
Սիրելի ընկեր Զաքար Քէշիշեան,
«Վարանդա» երգչախմբի շնորհալի մանուկներ,
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան աշխարհասփիւռ ընտանիքը միշտ սրտի թրթիռով ու ոգեւորութեամբ է հետեւել Արցախում Շուշիի «Վարանդա» երգչախմբի գործունէութեանը եւ այսօր անչափ կարեւորում է Ձեր ջանքերը յետպատերազմեան Արցախում երգչախմբի նորովի վերակազմակերպման գործում ՝ որպէս Արցախ աշխարհի փոքրիկ, բայց նշխար դարձած հողակտորում լոյսի ու յոյսի, գալիքի հանդէպ անսպառ հաւատի աղբիւր:
Յիրաւի, Դուք մանկանց շուրթերով իւրովի էք ապրեցնում Արցախը, որովհետեւ մանկանց աչքերում է Արցախի ու բոլորիս վաղուայ օրը: Հաւատում ենք, որ պատերազմի դաժան օրերով անցած մեր Հայրենիքը Ձեզ պէս նուիրեալների շնորհիւ աշխարհին ամէն օր յիշեցնելու է իր գոյութեան մասին եւ մեր յաղթական երգը դեռ հնչելու է աշխարհի խուլ ականջին:
Սիրելի՛ «Վարանդա», շնորհաւոր 30-ամեակդ, ապրի՛ր ու ապրեցրո՛ւ հայ երգը: Հայ երգով ծիլ տո՛ւր Յոյսին, ու թող Յոյսն ու Հաւատը բողբոջեն ու ծաղկեն հայրենի Արցախում:
Ձեր վարձքը կատար:
Ջերմագին բարեւներով՝
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան մեծ ընտանիք