
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ ու Պարոյր Սեւակի տուն-թանգարանի հետ համագործակցութեամբ օրերս լոյս է տեսել Պարոյր Սեւակի «100 բանաստեղծութիւն» ժողովածուն՝ նուիրուած մեծ գրողի ծննդեան 100-ամեակին։ Գիրքը կազմել է գրողի որդին՝ գրականագէտ Արմէն Ղազարեանը։ Ժողովածուի տպագրութիւնը հովանաւորել է Համազգայինի Կենտրոնական Վարչութիւնը։
17 Յունուար 2024-ին, Աւետիք Իսահակեանի տուն-թանգարանում կայացաւ գրքի շնորհանդէսը։
Միջոցառումը բացուեց Համազգայինի Կենտրոնական Վարչութեան ատենապետ Զաքար Քէշիշեանի խօսքով։ Զաքար Քէշիշեանն անդրադարձաւ Պարոյր Սեւակի թողած արժէքաւոր գրական ժառանգութեանը՝ նշելով, որ Սեւակն այն եզակիներից է, ում խօսքը բոլոր սերունդների եւ բոլոր ժամանակների համար է։ Նա Կենտրոնական Վարչութեան անունից շնորհաւորեց ներկաներին՝ գրքի լոյս ընծայման եւ մեծ գրողի ծննդեան 100-ամեակի առթիւ։
Ցերեկոյթի ելոյթները ջերմ էին ու անմիջական։ Պարոյր Սեւակ գրողի կեանքին ու ստեղծագործական ուղուն անդրադարձան գրականագէտ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Դաւիթ Գասպարեանը, Համազգայինի ԿՎ անդամ Արտաշէս Շահբազեանը, ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետի դեկան Արշալոյս Գալստեանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկեանը։ Հայաստանի գրողների միութեան անունից խօսք ասաց ՀՀ ԳՄ քարտուղար Նորեկ Գասպարեանը։
Պապի կեանքի ու ստեղծագործական գործունէութեան մասին հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց թոռը՝ գրականագէտ, Պարոյր Սեւակի տուն-թանգարանի տնօրէն Սեւակ Ղազարեանը։
Գրական միջոցառումն ամբողջացաւ Սեւակի ստեղծագործութիւնների ընթերցանութեամբ, որոնք ներկայացրին ՀՀ վաստակաւոր դերասան Դաւիթ Յակոբեանը եւ ասմունքող Գայանէ Սամուէլեանը։
Միջոցառումը իւրայատուկ երանգաւորում ստացաւ Պարոյր Սեւակի ստեղծագործութիւնների երգեցողութեամբ։ Հնչեցին մի քանի ստեղծագործութիւններ՝ Լուիզա Երեմեանի, Մարիցա Թիլիքեանի, Արամ Խաչատուրեանի եւ Մարգարիտ Սարգսեանի (դաշնակահարուհի) կատարմամբ։
Ներկաները նուէր ստացան «100 բանաստեղծութիւն» գրքից, իսկ միջոցառման վերջում նրանց համար համեստ հիւրասիրութիւն էր պատրաստուել։