
2 Յուլիս 2023-ին, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը՝ ՇԻՐՎԱՆՅԱՆ երիտասարդական կենտրոնի դահլիճում, Համազգայինի 95-ամեակի շրջանակներում, անցկացրեց հայ գրականութեան երեւելիներից մէկի՝ Ռազմիկ Դաւոյեանի «ՌԵՔՎԻԵՄ» ստեղծագործութեան վերջին՝ ամբողջական տպագրութեամբ գրքի շնորհանդէսը։
Միջոցառմանը տասնեակ հիւրերի կողքին ներկայ էին գրողի հարազատները, ընկերներն ու պարզապէս նրանք, ովքեր գէթ մէկ անգամ շփուել էին գրողի հետ։
Տօնական միջոցառման բացումն ազդարարեց սոփրանօ Լէոնորան՝ Կոմիտասի «Կռունկ» երգով։
Ողջոյնի խօսքով հանդէս եկան Համազգայինի կենտրոնական վարչութեան անդամ, Հայաստանի պատասխանատու Արտաշէս Շահբազեանը, Երեւանի գրասենեակի պատասխանատու Ռուզան Առաքելեանը, գրքի կազմող-հրատարակիչ, Արմենուհի Դաւոյեանը։ «Ռեքվիեմ» պոեմի մասին գրականագիտական վերլուծական խօսքով հանդէս եկաւ բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Կարինէ Մարտիրոսեանը։ Գրքին անդրադարձան Հայաստանի գրողների միութեան Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետեանը, բանաստեղծուհիներ Ռոզա Յովհաննիսեանը, Լուսինէ Աղաջանեանը, գրող-ազատամարտիկ Ռաֆիկ Ղազինեանը, բանասէր Լուսինէ Գինոսեանը։
Պահի ոգեւորութիւնը փոխանցուեց նաեւ հանդիսատեսին, ու հիւրերից մէկը՝ Գոհար Յովհաննիսեանը, ցանկութիւն յայտնեց ընթերցելու գրքից մէկ հատուած։
Միջոցառումն իրենց գեղեցիկ ասմունքով զարդարեցին Գիւմրու երիտասարդական պալատի կամաւոր, «Մտորումների թատրոնի» սան Ռուզաննա Մաջունջեանը, ՀԵՄ անդամ Վերոնիկա Բեգլարեանը, Գիւմրու թիւ 1 դպրոցի սան Մարիամ Յովհաննիսեանը։
Ռազմիկ Դաւոյեանն այն անհատականութիւնն է, ում ջանքերով Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը արմատներ գցեց նաեւ Հայաստանի սահմաններից ներս եւ շուրջ 30 տարի ոչ միայն գործուն դերակատարութիւն ունեցաւ, այլեւ ընդլայնեց աշխարհագրութիւնը՝ հասնելով Գիւմրի։ Եւ ահա այսօր Գիւմրու օդը լցուեց գրող Ռազմիկ Դաւոյեանի շնչով, եւ յուզմունքի ու ուրախութեան երկունքից ծնուեց յիշողութիւնը գրողի եւ իր գրական ժառանգութեան ծիրից ներս։
ՏԵՍԱՆԻՒԹ՝ https://youtu.be/kVFRiLtL6-A
Արա Նախշքարեան