
25 Փետրուար 2026-ին Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնում կայացաւ հանդիսաւոր միջոցառում՝ նուիրուած պոլսահայ գրող, «Մարմարա» թերթի երկարամեայ խմբագրապետ Ռոպէր Հատտէճեանի ծննդեան 100-ամեակին։
Միջոցառումն իրականացաւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի եւ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի համատեղ նախաձեռնութեամբ։
Գրական ցերեկոյթը համախմբել էր ականաւոր գրականագէտների եւ արուեստի գործիչների՝ խոսելու Ռոպէր Հատտէճեան գրողի, հասարակական գործչի, հայ մարդու անցած մեծ ճանապարհի եւ նրա թողած գրական ժառանգութեան մասին։
Միջոցառումը վարում էր բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ, «Սփիւռք» կենտրոնի ղեկավար Քնարիկ Աբրահամեանը։
Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՊՄՀ ռեկտորի պաշտօնակատար Լիլիթ Մկրտչեանը։ «Նա թողել է մի այնպիսի գրական ժառանգութիւն, որը մեզ հնարաւորութիւն է տալիս ուսումնասիրելու, հետեւութիւններ անելու, արժեւորելու։ Հատտէճեանն իր օրինակով ցոյց է տուել, որ ոչ մի մարտահրաւէր չի կարող մեզ սասանել՝ հաւատարիմ մնալու մեր լեզուին, ինքութեանը եւ մեր ազգային արժէքներին»,- շեշտել է Լ․ Մկրտչեանը։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը, շնորհակալութիւն յայտնելով մանկավարժական համալսարանի հետ մշտական համագործակցութեան համար, շեշտեց․ «Մեզ համար խորհրդանշական էր նշել պոլսահայ մեծ մտաւորականի հարիւր ամեակը․ մարդ, ով իր ամբողջ կեանքի ընթացքում նուիրուել է ոչ միայն հայ գրականութեանը, այլեւ՝ իր ժողովրդին։ Նա միշտ կարեւորել է այն միտքը, որ պոլսահայ գրականութիւնը սփիւռքահայ գրականութիւն չէ՝ հիմնաւորելով, որ հայերը շատ աւելի հին ժամանակներից են ապրում Պոլսում, քան թուրքերը։ Այո, յիրաւի, պոլսահայ գրականութիւնը սերւում է հայրենիքից եւ այդ պատճառով իր տարբերուող դերն ու տեղն ունի մեր գրական անդաստանում։ Այդ է պատճառը, որ Համազգայինի Երեւանի գրասենեակը թէ՛ գիտաժողովների եւ թէ առանձին ժողովածուների հրատարակման տեսքով պարբերաբար անդրադառնում է պոլսահայ գրողներին ու այնտեղի գրական-մշակութային կեանքին »։
Բանասիրական գիտութիւնների դոկտոր Սուրէն Դանիէլեանն էլ, կարեւորելով արեւտմտահայ գրականութեան շարունակականութեան հարցը, նշեց․ «Եթէ մենք խօսում ենք արեւմտահայ գրականութեան շարունակականութեան մասին, ապա չենք կարող չշեշտել Հատտէճեանին՝ իր «Առաստաղ» վէպով։ Առաստաղը խորհրդանշում է ոչ միայն սահման, ոչ միայն բարձրութիւն, այլեւ՝ մեր գրականութեան մեծութիւնը, կարեւորում՝ նրա շարունակական լինելը»։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան ողջոյնի խօսքը փոխանցեց ԿՎ անդամ Արտաշէս Շահբազեանը։ Կարեւորելով մանկավարժական համալսարանի հետ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան համագործակցութիւնը, Արտաշէս Շահբազեանը նշեց, որ այդ կայացած համագործակցութեան վառ օրինակներից մէկն էլ սոյն միջոցառումն է՝ ի շահ մեր գրականութեան եւ մշակոյթի։
«Հատտէճեանն իր մնայուն տեղն ու դերն ունեցաւ Պոլսոյ հայկական կեանքի վերարթնացման գործում։ Նա իր հարիւրամեայ կեանքով, իր ազգային-մշակութային գործունէութեամբ, իր խմբագրած «Մարմարա»-ով դարձաւ այդ կեանքը ապրեցնողներից մէկը»,- շեշտեց Շահբազեանը։
Պրոֆեսոր Վազգէն Գաբրիէլեանն էլ, անդրադառնալով գրողի անցած բազմավաստակ ուղուն, նշեց, որ չնայած Հատտէճեանը չհասցրեց ապրել իր երկրային կեանքի մէկ դարը, բայց նրա թողած ժառանգութիւնն ապրելու է դարերով՝ ամրագրելով նրա դերը հայ գրականութեան մէջ որպէս գրողի, խմբագրի եւ իր ժողովրդի ճակատագրով ապրող հայ մարդու։
Ելոյթներով հանդէս եկան նաեւ բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Սամուէլ Մուրադեանը, պրոֆեսոր Արծրուն Աւագեանը, ՀՊՄՀ պատմութեան ֆակուլտետի դեկան Էդգար Յովհաննիսեանը, բ․գ․թ․ դոկտոր Պետրոս Դեմիրճեանը, բ․գ․թ, դոցենտ Վալերի Փիլոյեանը, դերասան, ռեժիսոր Արամ Կոստանեանը, բ․գ․թ Մանուշ Բալայեանը, ՀՊՄՀ շրջանաւարտ, պոլսահայ Պետրոս Չաւիքեան։
