
21 Նոյեմբեր 2019-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում,Վրաստանի Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպուեց հանդիպում Ախալքալաքի շրջանի երեք տասնեակից աւելի մտաւորականների՝ գրողների, բանաստեղծների, կրթութեան ու մշակոյթի տարբեր բնագաւառների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր ներկաներին ծանուցել Վրաստանում գործող «Վրաստանի Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւն» կազմակերպութեան գործունէութեան եւ ծրագրերի հետ։
Հանդիպմանը ներկայ էր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիւ՝ Արժանապատիւ Տէր Նարեկ քահանայ Տիգրանեանը, որի տէրունական աղօթքով էլ սկսուեց հանդիպումը։
Սամցխէ-Ջաւախքի եւ Քվեմո-Քարթլիի Հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիէլան ողջունելով ներկաներին, յայտնեց իր շնորհակալութիւնը Ախալքալաքի շրջանի կրթութեան ու մշակոյթի երախտաւորներին, որ իրենց ներկայութեամբ յարգել են հրաւէրը։ Նա համառօտ ներկայացրեց Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան հետապնդած նպատակներն ու առաքելութիւնը, հիմնադրումից՝1928թ-ից, առ այսօր անցած ուղին, հայութեան աշխարհասփիւռ շրջաններում Միութեան իրականացրած բազում հայապահպան ծրագրերը, որոնք ծառայել եւ շարունակում են ծառայել կրթութեանը, մշակոյթի պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը։ Անդրադառնալով Ջաւախքում Համազգայինի գործունէութեանը, Գաբրիէլան տեղեկացրեց, որ Միութեան գրասենեակը Ախալքալաքում է, որի պատասխանատուն Կ․ Թադեւոսեանն է։ Գրասենեակը մտաւորականների համար կը լինի մի այցեվայր, որտեղ նրանք կարող են խորհրդակցել, ներկայացնել առաջարկութիւններ, համատեղ մշակել ծրագրեր, միջոցառումներ՝ ի նպաստ Ջաւախքում մշակոյթի պահպանմանն ու զարգացմանը։ Վրաստանում գործող Համազգայինը հայ-վրացական մշակութային դարաւոր բարեկամական կապերի առաւել ամրապնդման նպատակով պէտք է համագործակցութիւն ձեռք բերի Վրաստանի եւ Հայաստանի մշակոյթի հարցերով զբաղուող համապատասխան պետական գերատեսչութիւնների հետ։
Մշակոյթի եւ կրթութեան տարբեր բնագաւառների ներկայացուցիչները իրենց ուրախութիւնն ու գոհունակութիւնը յայտնեցին Վրաստանում գործող Համազգայինի համար եւ պատրաստակամութիւն՝ համատեղ մշակելու, իրականացնելու բազմաբնոյթ ծրագրեր, որոնց պակասը զգալիօրէն շատ է։
Ախալքալաքի շրջանային մշակոյթի տան տնօրէն Աշուղ Ալիք-Ջաւախք իր ելոյթում շեշտեց, որ Համազգայինի մուտքը Վրաստան՝ շատ է ուշացած, քանի որ Ջաւախքը լինելով աշուղների, գրողների, նկարիչների, երգիչների հայկական գողտրիկ աշխարհ, հայկական մշակոյթի պահպանման ու զարգացման համար բազում դժուարութիւններ ունի։
Բանաստեղծ Սիլվա Սիփանուհին յուզուած էր, նրա համար գերագոյն աչքալուսանք էր՝ լսել Համազգայինի մուտքի մասին Ջաւախք, մեծ սպասումների ակնկալիքով․ Ջաւախքի ստեղծագործողներին, արուեստի տարբեր բնագաւառների գործիչներին ճանաչելի դարձնելը աշխարասփիւռ հայութեանը։ Մայրենի լեզուի եւ գրականութեան բազմավաստակ մանկավարժները այս մտերմիկ հաւաքը համեմատեցին թումանեանական «Վերնատան» անդամների հաւաքի հետ, որտեղ կարելի էր անկեղծ խօսել, խորհել, առաջարկել, բանավիճել, որոշում կայացնել, ծրագրել․․․․․․
Հանդիպումը ջերմ էր ու անկաշկանդ․ մտաւորականները ըմբոշխնեցին գրող Գուրի Եթերի ստեղծագործութիւնները՝ նրա փոքրիկ թոռնուհու ընթերցմամբ, բանաստեղծներ Եւա Չիվչեանի, Սիլվա Սիփանուհու ու Բարդուղեմիոս Շաշիկեանի ստեղծագործութիւնները՝ հեղինակների ընթերցմամբ։ Ներկաներից ամէն մէկը արտայայտեց իր հոգեկան բաւարարուածութիւնը այս յիշարժան ու շատ կարեւոր գործունէութեան սկիզբն ազդարարող օրուայ համար եւ շնորհակալ եղան կազմակերպիչներին։
«Համազգայինի գործունէութիւնը Վրաստանում սկսուել է տարիներ առաջ․ 2016թ․ նրա հովանաւորութեամբ կառուցուեց Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնի նոր մասնաշէնքը, որը կրում է Համօ Օհանջանեանի անունը։ Իսկ 2018թ․ սեպտեմբերին կազմակերպուած գիտաժողովը՝ նուիրուած Վրաստանի եւ Հայաստանի անկախութեան վերականգնման 100-ամեակի, հովանաւորուեց Համազգայինի կողմից։ Առաջիկայում Միութեան հերթական միջոցառումը Ջաւախքում կը լինի Աշուղ Ալիք-Ջաւախքի ծննդեան 70-ամեակին նուիրուած Մեծարման երեկոն, որը կ'անցկացուի 2020թ․Յունուարի 26-ին»,- ասաց Գաբրիէլեան։ Բոլորը արժեւորեցին Աշուղի բազմամեայ մշակութային գործունէութիւնը Ջաւախքում եւ ողջունեցին նման սկիզբով կազմակերպութեան մուտքը Վրաստան։
Վրաստանի Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւնը առաջիկայում նման հանդիպումներ է կազմակերպելու նաեւ Ախալցխայի, Նինոծմինդայի եւ Ծալկայի շրջանների հայ մտաւորականների հետ։