
«Հայրենիք Շաբաթաթերթ».- Կիրակի, 21 Դեկտեմբեր 2014-ին, Նիւ Եորքի Սուրբ Լուսաւորիչ Մայր եկեղեցում տեղի ունեցաւ դասական երաժշտութեան համերգ:
Օրուայ հանդիսավարն էր ամերիկահայ ճանաչուած եւ վաստակաշատ երաժիշտ- խմբավար` Գրիգոր Փիտէճէանը, որն իր խօսքում ասաց.- «Հայ երաժշտութէան պատմութեան մէջ մենք ունեցել ենք տարբեր գերդաստաններ, մեծ ընտանիքներ, որոնք սերունդներով երաժիշտներ են ունեցել եւ զարգացրել են հայ երաժշտութիւնը` Սփիւռքում թէ Հայաստանում: Այդ գերդաստաններից մէկն է Սաթեանների ընտանիքը: Այսօր մեր համերգի պատուաւոր հիւրն է Հայաստանի յօրինողների միութեան պատուաւոր նախագահ՝ փրոֆէսօր Արամ Սաթեանը»:
Համերգային ծրագիրը բազմազան էր: Տեղ էին գտել Սոֆիա Միքայէլէանի, Անահիտ Կոստանեանի, Մելիք Մաւիսաքալեանի, Կոնսթանթին Պետրոսեանի, Եդուարդ Սադոյեանի եւ ուրիշների ստեղծագործութիւնները: Ներկաները ջերմութեամբ ընդունեցին Նունէ Կարապետեանի (սոփրանօ), Սարգիս Կարապետեանի (ջութակ) եւ Նունէ Յակոբեանի (դաշնամուր) ելոյթները:
Ներկաները ծափողջոյններով դիմաւորեցին Հայաստանի յօրինողների միութեան նախագահ Արամ Սաթեանին, որն իր շնորհակալական խօսքում անդրադարձաւ Սփիւռքում կատարուող համերգային ծրագրերին եւ շնորհաշատ երաժիշտների կատարողական բարձր արուեստին: «Յարգելով եւ սիրելով հայ երգարուեստը` պէտք է սիրել նաեւ դասական երաժշտութիւնը: Շնորհիւ ճանաչուած կոմպոզիտոր Կոնսթանթին Պետրոսեանի եւ Հայաստանի յօրինողների միութեան համատեղ համագործակցութեամբ մենք կարողացանք տարբեր քաղաքներում կազմակերպել այսպիսի համերգներ»:
Արամ Սաթեանն իր գոհունակութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեց Նիւ Եորքի Սուրբ Լուսաւորիչ Մայր եկեղեցու Հոգեւոր Հովիւ` Մեսրոպ Քհնյ. Լագիսեանին, ինչպէս նաեւ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեանը, որոնք կազմակերպել էին այս գեղեցիկ երաժշտական երեկոն:
Համերգն աւարտուեց Արամ Սաթեանի «Աւէ Մարիա» երգով, որը կատարեց ճանաչուած երգչուհի, միջազգային մրցոյթների դափնեկիր Նարինէ Օճախեանը` հեղինակի նուագակցութեամբ:
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ