
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութեան եւ Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրական ֆակուլտետի նախաձեռնութեամբ՝ 31 Մարտին ԵՊՀ- բանասիրութեան ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցաւ Յակոբ Կարապենցին նուիրուած միջազգային գիտաժողովի զեկոյցների գրքի շնորհանդէսը:
Միջոցառման բացմանը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութեան Երեւանի գրասենեակի տնօրէն, հրապարակախօս Ռուզան Առաքելեանը ասաց, որ Յակոբ Կարապենցը ծաւալուն եւ հիմնաւորապէս ներկայացուած է այս գրքում:
«Սրանով մենք ուզում ենք ասել եւ ասում ենք, որ ինչ էլ լինի, ինչ իշխանութիւն էլ գայ եւ գնայ, մենք ունենք մի չափանիշ՝ զէնքին զուգահեռ, գրչով պիտի պայքարենք: Շնորհակալ եմ բոլոր զեկուցողներին, որ համակողմանի ներկայացրել են մի գրողի, որի ապրած կեանքը իսկապէս օրինակ է բոլորիս: Յակոբ Կարապենցը այն մարդկանցից էր, որն ինչպէս ապրում էր, այդպէս գրում էր: Անչափ կարեւոր է, երբ մարդու ապրած կեանքը եւ գրածը ներդաշնակուած է, այս դէպքում կարող ենք հաւատալ մարդուն, գրողին, որովհետեւ երբ դրանք հակասութեան մէջ են, մենք չենք կարող գրածի հանդէպ հաւատ ունենալ»,- մեկնաբանեց նա: