
ՀՅԴ Համահայկական երիտասարդական բանակումի շրջանակում կայացաւ շուշեցի լուսանկարիչ Վլադիմիր Գէորգեանի լուսանկարների ցուցահանդէսը։
Բնութեան գրկում, բաց երկնքի տակ ներկայացուեցին մոտ 40 լուսանկարներ, որոնք պատմում էին հայոց բերդաքաղաք Շուշիի մասին։
Ցուցահանդէսը կրում էր «Բարձրանանք Շուշի» խորագիրը` իր մէջ ամփոփելով հոգով ու մտքով բարձրանալու հոգեւոր իմաստն ու խորհուրդը։
«Եկէք մեր մտքերով, մեր նպատակներով, մեր ներսի բոլոր ճամբաներով երբեք չդադարենք բարձրանալ Շուշի։ Ինչքան բանուկ պահենք մեր ներսից դէպի Շուշի տանող ճանապարհը, այնքան մօտ կը լինենք մեր համահայկական երազանքի իրագործմանը»,- բացման խօսքում նշել է Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանը։
Լուսանկարիչ Վլադիմիր Գէորգեանն աշխարհի 17 երկրներից ժամանած 400 երիտասարդների համար պատմել է իր լուսանկարների ստեղծման պատմութիւնը եւ յայտնել իր մեծագոյն երազանքը` մի պայծառ օր նորից լուսանկարել Շուշիի արեւածագը։
